Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին վերլուծական հաղորդում կվարի


Բիձինա Իվանիշվիլի
Բիձինա Իվանիշվիլի

Վրաց միլիարդատերը փորձելու է երկրում տեղի ունեցողի ճիշտ պատկերը ներկայացնել հանրությանը:

Վրացի միլիարդատեր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է ամիսներ շարունակ շրջանառվող լուրը, նա մոտ ապագայում կհայտնվի հեռուստատեսությունում՝ հաղորդավարի կարգավիճակով։

Այս մասին «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը հայտարարել է շաբաթ օրը վրացական Առաջին ալիքի եթերում՝ ընդգծելով, որ այդպիսով նա կօգնի հասարակությանը հասկանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ճշգրիտ պատկերը։

«Դա կլինի վերլուծական հաղորդում, և կիրակի օրերին ես կլինեմ համահաղորդավար երեք փորձագետների հետ: Հանրությանը ներկայում պակասում է ճշգրիտ վերլուծությունը, և մենք կօգնենք հանրությանը ունենալ երկրում իրադարձությունների ճիշտ պատկերը»,- ասել է միլիարդատեր Իվանիշվիլին։

Վրացի մեդիափորձագետները տարակուսած են՝ հատկապես այդ որ հարցում է Իվանիշվիլին օգնության հասնում, և ինչու է մեծահարուստ Իվանիշվիլիին թվում, թե հասարակությունն ունի նրա վերլուծությունների կարիքը։ Այս հարցերի պատասխանները թերևս հայտնի դառնան առաջիկայում, երբ Բիձինա Իվանիշվիլին որդուն պատկանող հեռուստաընկերության եթերից հանդես գա վերլուծություններով:

«Սակայն մի բան արդեն իսկ հստակ է։ Այս նախաձեռնությամբ նախկին վարչապետը պարզապես ինքնադրսևորվել է ուզում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնում վրացի մեդիափորձագետ Զվիադ Կորիձեն։

«Այս նախաձեռնության մեջ գլխավոր խնդիրը մենաշնորհի զգացումն է։ Այդ մարդուն թվում է՝ միայն ինքն է տեղյակ, թե ինչպես օգնել հասարակությանը, և որ մյուսները դրան ընդունակ չեն։ Այս իրավիճակը բնորոշ է հատկապես բռնակալական երկրներին, երբ որոշողը, թելադրողը, բացատրողը մեկ հոգի է»,- նշում է մեր զրուցակիցը։

Ըստ վրացական լրատվամիջոցների , Իվանիշվիլիի հաղորդաշարը կհեռարձակվի GDS TV-ի եթերում, որի սեփականատերը նախկին վարչապետի որդի, ռեփեր Բերա Իվանիշվիլին է:

Իվանիշվիլիի գնահատմամբ՝ Վրաստանում այժմ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունները չունեն սեփական հեռուստատեսությունը, իսկ ընդդիմությունը ունի։ Կան նաև այլ մասնավոր հեռուստաընկերություններ, սակայն արդյունքում նրանց մատուցած տեղեկատվությունը ճիշտ չէ, ասել է Վրաստանի նախկին վարչապետը։

«Պակասում է վերլուծության զարգացումը և որակի բարձրացումը»,- ընդգծել է «Վրացական երազանք»-ի առաջնորդը, ով, ի դեպ, Վրաստանի առաջին հեռուստաալիքին հարցազրույց է տվել ճիշտ այն ժամանակ, երբ կոալիցիան և պաշտպանության նախարարությունը լքած արդեն ընդդիմադիր Իրակլի Ալասանիան կուսակիցների մասնակցությամբ որոշում էր ընդդիմադիր քաղաքական ուժի հետագա անելիքները։

Մեդիափորձագետ Կորիձեն վստահ չէ՝ փորձել է արդյոք Իվանիշվիլին հասկանալ, թե Վրաստանի հանրությունը հատկապես ի՞նչ է սպասում է իրենից և արդյոք զգո՞ւմ է իր վերլուծության կարիքը։

«Այս ամենը դեռ անպատասխան, Իվանիշվիլին գալիս է և ասում՝ «հասարակությո՛ւն, ես եկել եմ քեզ օգնելու»։ Ներողություն, բայց ամենևին էլ սիրուն բան չէ»,- նշեց Զվիադ Կորիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG