Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սոցիալական ինքնազգացողության անկում է


Ռուսաստան - Ռուբլու արժեզրկումը հարվածում է շարքային ռուսաստանցիների գրպանին, Մոսկվա, 8-ը նոյեմբերի, 2014թ.
Ռուսաստան - Ռուբլու արժեզրկումը հարվածում է շարքային ռուսաստանցիների գրպանին, Մոսկվա, 8-ը նոյեմբերի, 2014թ.

Իշխանությունները հավաստիացնում են, որ խնդիրները ժամանակավոր են։

Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցման արդյունքների համաձայն՝ սոցիալական ինքնազգացողության ցուցիչը երկրում անկում է գրանցել։

Ռուսաստանցիների մոտ 50 տոկոսի կարծիքով՝ գործերը երկրում ընդհանուր առմամբ ճիշտ ուղղությամբ են ընթանում, ևս 37 տոկոսն ասում է, թե մասամբ համաձայն է այդ գնահատականին, սակայն միայն 17 տոկոսն է տնտեսական կացությունը համարում բավարար։ Հարցվածների 61 տոկոսը տնտեսության վիճակը համարում է միջին, իսկ 19 տոկոսը բացասական գնահատական է տալիս։

Ըստ հետազոտությունը կազմած փորձագետների, ինքնազգացողության անկումը պայմանավորված է երկրում տեղեկատվական համապատկերի փոփոխությամբ` Ուկրաինայի թեման այլևս առաջնային չէ։

Մարդիկ սկսել են ուշադրությունը կենտրոնացնել «իրական խնդիրների»` նավթի գնանկման և ազգային տարադրամի` ռուբլու արժեզրկման վրա, գործոններ, որոնք ակնհայտ հարվածում են Դաշնության պետբյուջեին և անհատ քաղաքացիների անձնական գրպանին։

Փորձագետները նշում են, որ կյանքի պայմանները անբավարար է համարում հարցվածների 15 տոկոսը: Եթե հուլիսին «սոցիալական լավատեսության ցուցիչը» 77 միավոր էր, ապա հոկտեմբերին արդեն՝ ընդամենը 62։ «Ուկրաինայի խնդրի քննարկումների թեժությունն աստիճանաբար նվազում է, այսօր արդեն առաջին տեղում գնաճն է»,- «Կոմերսանտ»-ին ասել է քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը։

Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովի կարծիքով, ցուցիչներն է՛լ ավելի մեծ անկում կգրանցեն, երբ մարդիկ կզգան, որ գործազրկությունն աճում է, աշխատավարձերը չեն աճում, իրական եկամուտները իջնում են։ «Նավթի գինն իջնում է, ռուբլին արժեզրկվում է, արդեն հասկանալի է, որ պատժամիջոցները դեռ երկար կգործեն», - ասել է Ֆյոդորովը։

Իշխանությունները պնդում են, որ դրանք սոսկ ժամանակավոր երևույթներ են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ իշխանությունները ֆինանսական շրջանառությունը չեն սահմանափակի։

«Մենք այսօր տեսնում ենք ռուբլու փոխարժեքի սպեկուլյատիվ տատանումներ, բայց կարծում եմ՝ առաջիկայում դա կանգ կառնի, հաշվի առնելով քայլերը, որոնք ձեռնարկելու է Կենտրոնական բանկը», - ասել է Պուտինը։

Նշենք, որ ուկրաինական զարգացումների ընթացքում ռուսական ռուբլին 40 տոկոսով արժեզրկվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG