Մատչելիության հղումներ

Բնապահպան. Արարատյան արտեզյան ավազանը ցամաքեցնում են խոշոր ձկնաբուծարանները


Բնապահպան. Արարատյան արտեզյան ավազանը ցամաքեցնում են խոշոր ձկնաբուծարանները
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00

Լևոն Գալստյանի համոզմամբ՝ հենց խոշոր ծկնաբուծարաններն են Արարատյան արտեզյան ավազանի ցամաքեցման հիմնական պատճառը։

Սանասար Խաչատրյանին արդեն մի քանի ամիս այցելում են ոստիկաններն ու Բնապահպանության նախարարության աշխատակիցները, տուգանքներ կազմում ու հեռանում: Պատճառը Խաչատրյանին պատկանող ապօրինի փոքր ձկնաբուծարանն է, որը առաջին նախազգուշացումից հետո նա ստիպված է եղել փակել:

«Ձկները լցրել եմ, ընդամենը մի քանի օր պահել եմ, եկել եմ դուրս եմ հանել ու դրա համար ես պետք է պատասխանատվության ենթարկվեմ, որ օգտագործել եմ ջուրը», - ասաց Խաչատրյանը։

«Ազատության» հետ զրույցում ձկնաբույծն ասաց, որ բազմիցս է դիմել Բնապահպանության նախարարություն իր գործունեությունն օրինականացնելու համար, բայց նախարարությունը մերժել է: Մինչդեռ նույն մարզում գործող մի քանի տասնյակ հսկայական ձկնաբուծարաններ, ըստ բնապահպանների, անարգել շարունակում են գործել:

Լևոն Գալստյանի համոզմամբ` հենց խոշոր ծկնաբուծարաններն են Արարատյան արտեզյան ավազանի ցամաքեցման հիմնական պառճառը. - «Փոքրին պետք է նայել, իրենք իրականում օգտագործում են այն քանակը, ինչքանի որ ունեն թույլտվություն, բայց իրենց փակելով մենք ոչ մի արդյունքի չենք հասնի։ Մինչև մենք այդ մեծ ձկնաբուծարանների խնդիրը չլուծենք, որոնք որ իրականում վերցնում են այն ջուրը, որն այսօր կորում-գնում է և մեր ամբողջ ավազանը իջել է և գյուղացիները կանգնած են խմելու և ոռոգման ջրի խնդրի առաջ, խնդիրը լուծում չի ստանա»։

Գալստյանի խոսքով՝ խոշոր ձկնաբուծարաններից մի քանիսը պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին: Ու հենց դա է պատճառը, որ վերջիններս տարիներ շարունակ, չնչին վարձ վճարելով, անխնա օգտագործում են Արարատյան արտեզյան ավազանի ջուրը:

««Ալեքս Գրիգ» ընկերության պատկանող ձկնաբուծարաններն են՝ Սամվել Ալեքսանյանի, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, փոխկապակցված են Գագիկ Ծառուկյանի հետ տարբեր փոխկապակցված մարդիկ, նաև փոխկապակցված՝ ներկայից վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ իրա բարեկամի անունով կամ եղբոր անունով և այլն», - ասաց Գալստյանը։

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն ասաց, որ խոշոր պաշտոնյաներին պատկանող ձկնաբուծարանների ցանկ իրենք չունեն: Բայց նշեց մի քանի խոշոր ընկերությունների անուններ, որտեղ նույնպես ստուգումներ են կատարել ու տուգանել:

Պատահական է, թե ոչ, բայց «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, հորերը ապօրինի չեն համարվել, դեռ ավելին՝ պազվել է, որ թույլատրվածից քիչ է այստեղ ջուր օգտագործվել:

«Մենք մշտադիտարկում ենք իրականացնում փաստացի որքան ջուր է ընդերքից վերցնում տվյալ տնտեսվարողը, որքանի մասով ունի ջրօգտագործման թույլտվություն, որքանի մասով է նա կատարել համապատասխան բնապահպանական վճարներ, և ըստ դրա կատարում ենք համապատասխան գործողություններ», - ասաց Խաչատրյանը։

Թե ինչ վիճակ է իրականում, ձկնաբույծներից որը ինչ խորությամբ հոր է օգտագործում՝ հասարակ մահկանացուն անկարող է պարզել: Արարատի մարզում կողք-կողքի գործող ձկնաբուծարաններին մոտենալ հնարավոր չէ, գրեթե ամենուր տարածքը վերահսկում են տանսյակ անվտանգության աշխատակիցներ` վարժեցրած շներով:

Արարատցիների նկարագրած ճանապարհներով հայտնվեցինք փոքրիկ քաղաք հիշեցնող մի տարածքում, որի պարսպի երկարությունը կարծես վերջ չուներ, իսկ բարձրության շնորհիվ անհնար էր տեսնել, թե ինչ է կատարվում ներսում: Հրացանն ուսին մեզ մոտեցավ տարածքի անվտանգության աշխատակիցը, ով չհերքեց, որ դա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող, փոխնախարարի նշած «Ալեքս Գրիգ»-ի ձկնաբուծարան է: Մյուս աշխատակիցն էլ ասաց, որ այստեղ աճեցվող ձկները հիմնականում մատակարարվում են պատգամավորին պատկանող սուպերմարկետների ցանց:

Նախարարության տվյալներով՝ գործող 220 ձկնաբուծական ընկերություններից 107-ում այս տարի ստուգայցեր են իրականացվել, ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ 6 մլն 400 հազար դրամի տուգանք է սահմանվել: Բնապահպանները, սակայն, խոշոր ձկնաբուծարաններում նախարարության սահմանած տուգանքները «աչք կապոցի» են համարում:

«Ծով չունեցող Հայաստանի կիսաանապատային գոտուց ավելի շատ ձուկ է արտահանվում, քան հարևան Վրաստանից», - նշում է բնապահպան Լևոն Գալստյանն ու պնդում, որ պատճառը խոշոր ձկնաբույծներին տրված արտոնյալ պայմաններն են:

«Էդ ձկնարտադրողները հարկ չեն վճարում, այսինքն իրենք ազատված են շահութահարկ վճարելու պարտավորությունից, ջուրը ձրի է համարյա իրենց համար՝ մի խորանարդ մետրի համար հինգ լումա՝ մաքուր խմելու ջուրն օգտագործելու համար։ Դուք էդ նույն որակի ջրի համար վճարում եք մոտավորապես 170 դրամ, նույն ծավալի համար, գյուղացին վճարում է 11 դրամ ոռոգման ջրի համար», - ասաց բնապահպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG