Մատչելիության հղումներ

Արևմուտք-Ռուսաստան բախումների վտանգ՝ օդային տարածքում


Առանց տարբերիչ նշանների և պետհամարանիշների բեռնատարները հրետանու միավորներ են փոխադրում, Մակեևկա, 10 նոյեմբերի, 2014թ.
Առանց տարբերիչ նշանների և պետհամարանիշների բեռնատարները հրետանու միավորներ են փոխադրում, Մակեևկա, 10 նոյեմբերի, 2014թ.

Կիևում ենթադրում են, որ ռուսները կարող են «խաղաղապահ գործողություն» սկսել։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր Աստանայում ասել է, որ իրավիճակն Ուկրաինայի արևելյան շրջաններում օրըստօրե վատթարանում է։

Երեկ Եվրոպական Միությունը և Միացյալ Նահանգները խորը մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ զինված խոշոր ջոկատներ և ծանր տեխնիկայի շարասյուն է շարժվում դեպի ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքներ։

«Դժբախտաբար, վիճակը նորից լրջանում է, մենք բոլոր կողմերին, այդ թվում ռուսներին, կոչ ենք անում հավատարիմ մնալ Մինսկում սեպտեմբերի 5-ին կնքված արձանագրության պահանջներին»,- ասել է Շտայնմայերը Ղազախստանի մայրաքաղաքում։

ԵԱՀԿ դիտորդները հաստատել են առանց տարբերիչ նշանների ստորաբաժանումների տեղաշարժը Դոնեցկի մոտակայքում։

Կիևը պնդում է, որ նոյեմբերի 9-ին առնվազն 32 հրասայլ և մարդուժ փոխադրող բեռնատարներ են մտել երկրի արևելյան տարածք։ Այդ մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդրիիյ Լիսենկոն։

Նրա փոխանցմամբ, Մոսկվան կարող է սրել կացությունը` Ուկրաինայի արևելյան տարածքում այսպես կոչված «խաղաղապահ առաքելություն» սկսելու նպատակով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե տեղեկություն չունի այդ տարածքում ռուսական զինված ստորաբաժանումների տեղաշարժի մասին։

Մինչդեռ, Ուկրաինայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի լարվածությունը երբեմն հասնում է խիստ վտանգավոր աստիճանի և կարող է հանգեցնել ողբերգության։

«Եվրոպական առաջնորդության ցանց» անվամբ վերլուծական կենտրոնը, որը տեղակայված է Լոնդոնում, հրապարակել է զեկույց, որի համաձայն, անցած ութ ամիսների ընթացքում օդային տարածքում գրանցվել է մոտ 40 լուրջ միջադեպ։

Դրանցից առավել վտանգավոր էր մարտի 3-ին տեղի ունեցածը, երբ պարզապես հրաշքով չէին բախվել ռուսական հետախուզական օդանավն ու Կոպենհագենից Հռոմ 133 ուղևոր փոխադրող դանիական քաղաքացիական ինքնաթիռը։

Ըստ «Եվրոպական առաջնորդության ցանցի», հավանական միջադեպերի աշխարհագրությունը չափազանց ընդարձակ է` Բալթյան և Սև ծովերից մինչև Միացյալ Նահանգների և Կանադայի սահմաններ։

Զեկույցի հեղինակները Կրեմլին կոչ են անում «անհապաղ վերլուծել իրավիճակը և հաշվի առնել ռազմական ագրեսիվ կեցվածքի հնարավոր ծանր հետևանքները»։

ՆԱՏՕ-ն այս տարի գրանցել է ռուսական ռազմական օդանավերի կողմից դաշինքի անդամ-պետությունների օդային տարածքը խախտելու կամ վտանգավոր այլ գործողություն կատարելու ավելի քան 100 դեպք, ինչը երեք անգամ գերազանցում է 2013 թվականի միջադեպերի թիվը։

Զեկույցի հեղինակները բոլոր կողմերին են հորդորում «զգոնություն և զսպվածություն դրսևորել»։ Սեպտեմբերին՝ Ուելսում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին, ռուսական մարտական օդանավերը Կանադայի սահմանից ոչ հեռու անցկացրել են զորավարժություններ, որոնց ընթացքում արձակել են թևավոր հրթիռներ։ Դրանք տեսականորեն կարող են հասնել Կանադայի մայրաքաղաք Օտտավա, Նյու Յորք, Վաշինգտոն և Չիկագո։

Արևմուտքի բարձրաստիճան զինվորականները նախազգուշացրել են, որ նմանօրինակ ագրեսիվ և սադրիչ բնույթի ակտիվությունը մեծացնում է թյուրիմացության կամ տեխնիկական վրիպակների հետևանքով լուրջ և անվերահսկելի առճակատման հավանականությունը։

Ուկրաինայում այս տարվա ապրիլից սկսված մարտական գործողությունների ընթացքում ընդհանուր հաշվով սպանվել է ավելի քան 4000 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG