Մատչելիության հղումներ

77-հազարանոց աղբամանները՝ «չարդարացված ծախս Երևանի համար»


Աղբաման Երևանի փողոցում, լուսանկարը՝ քաղաքապետարանի
Աղբաման Երևանի փողոցում, լուսանկարը՝ քաղաքապետարանի

Մայրաքաղաքի ավագանու անդամը պնդում է, որ ինքնարժեքի տեսանկյունից էլ այդ աղբամանները ամենևին այն գինը չարժեն, ինչ գնով որ մատակարարվել են:

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մրցույթի մասին` ցանկանում են գնել նոր, փայտյա աղբամաններ մետաղյա եզրերով, այնպիսիք, ինչպիսիք քաղաքի տարբեր փողոցներում տեղադրված են։

Նախկինում այս մրցույթը շահել է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը ոչ միայն աղբամաններ է պատրաստել մայրաքաղաքի համար, այլև՝ շատ փողոցներում տեղադրված փայտյա նստարանները։ Ընկերությունը համարյա 70 սանտիմետր բարձրություն ունեցող մեկ աղբամանը պատրաստել է 77 հազար դրամով (մոտ 190 դոլար), իսկ երկկողմանին՝ 151 հազարով։

Երկու օր առաջ հայտարարված մրցույթում քաղաքապետարանը պահանջվող աղբամանի բնութագրում նկարագրել է ճիշտ նույն աղբամանը, որ պատրաստել է «Նիկոլ Դուման» ընկերությունը, ավելին՝ կցել է լուսանկար, ինչից կարելի է ենթադրել, որ մրցույթը կշահի նույն ընկերությունը, քանի որ այդպիսի աղբամաններ պատրաստելու արդեն մեծ փորձ ունի։

Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծում է՝ Հայաստանի նման երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը կազմում է ավելի քան 30 տոկոս, այդքան գումար ծախսել աղբամանի վրա խելամիտ չէ։

«Թերևս, ես չեմ ասում, թե հայ հասարակությունը, կամ Երևանը արժանի չէ լավ գույքի, այդ թվում և՝ փողոցում, բայց այս պահի դրությամբ, ֆինանսական միջոցների նման սղության պայմաններում ուղղակի մրցույթում թույլ տալ, որպեսզի հաղթեն կազմակերպություններ, ովքեր չափազանց թանկ ապրանքներ են մատակարարում՝ սա արդարացված ծախս չի կարող համարվել Երևանի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Կրկնվում է նստարանների պատմությունը, ասում է մայրաքաղաքի ավագանու անդամը․ - «Տեղին է հիշել նույն նստարանների պատմությունը, որոնք որքան էլ լավն են՝ այնուամենայնիվ, համարժեք չեն այն գնին, որը վճարվել էր նրանց համար»:

Երևանի բոլոր թաղամասերում տեղադրված նստարաններից յուրաքանչյուրի համար, հիշեցնենք, քաղաքապետարանը վճարել էր 165 հազար դրամ։

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին իր ֆեյսբուքյան էջում հաճախ լուսանկարներ է տեղադրում, որոնցում պատկերված են վնասված նստարաններ, երբեմն էլ հայտնում է գողացված աղբամանների մասին։ Լրատվամիջոցներից մեկը հաղորդում է, որ սեպտեմբերին Մաշտոցի պուրակից գողացել էին միագամից 18 փայտյա աղբաման։

Ստյոպա Սաֆարյանը սա մեկ այլ պատճառ է համարում քաղաքում 77 հազար դրամանոց աղբամաններ չտեղադրելու։

«Սկզբնական շրջանում ներկայացվում էր, թե դրանք ուղղակի դարբնի գործեր են և այլն, բայց պարզվեց հետագայում՝ ուղղակի ձուլածոներ են, այսինքն՝ ինքնարժեքի տեսանկյունից էլ դրանք ամենևին այն գինը չարժեն, ինչ գնով որ մատակարարվել են Երևանին», - ընդգծեց մայրաքաղաքի ավագանու անդամը:

Երևանի քաղաքապետարանը նստարաններից ու աղբամաններից բացի միլիոնավոր դրամներ է ծախսում նաև կանաչապատման վրա, բայց գումարի զգալի մասն ուղղվում է ոչ թե ծառեր տնկելուն, այլ թփեր ու ծաղիկներ ձեռք բերելուն ու տնկելուն։

Առաջին հայացքից շռայլ Երևանի քաղաքապետարանը տնտեսում է շատ այլ հարցերում, օրինակ՝ մայրաքաղաքի շատ դպրոցներում մինչ օրս չեն միացվել ջեռուցման համակարգերը, 159 մանկապարտեզներից համարյա կեսը դեռևս նորոգված չեն, քաղաքային տրանսպորտը, մեղմ ասած, անմխիթարական վիճակում է, շատ շենքերի վերելակներ մաշված են, նորոգված չեն քաղաքային գրադարանների մեծ մասը, իսկ գրադարանավարը ստանում է նվազագույն՝ 50 հազար դրամ աշխատավարձ։

«Իհարկե, կարելի է շատ ավելի գեղեցիկ բաներ տեղադրել քաղաքում, շատ ավելի ճաշակով, բայց միշտ պիտի նկատի ունենալ քաղաքի բյուջեի հնարավորությունները և քաղաքի խնդիրները՝ որքանով են դրանք համաչափ այդ նպատակին», - շեշտեց Ստյոպա Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG