Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Առողջապահության խնդիրները սահմաններ չեն ճանաչում»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ - ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը կարևորել է հայ - ռուսական առողջապահական առաջին համաժողովի անցկացումը և հույս հայտնել, որ այն երկուստեք օգտակար ու արդյունավետ կլինի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ համաժողովը, հիմք դնելով առողջապահության ոլորտում համագործակցության նոր ձևաչափի, անկասկած կհարստացնի հայ - ռուսական դաշնակցային գործընկերությունը և կնպաստի երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ առողջապահության խնդիրները սահմաններ չեն ճանաչում, ուստի չափազանց կարևոր է միավորել բոլոր պետությունների ջանքերը՝ մեծ թե փոքր, հարուստ ու զարգացած թե զարգացող: Էբոլա համաճարակի օրինակը, որը լուրջ մարտահրավեր է ոչ միայն աֆրիկյան պետությունների համար, նախագահի խոսքով, ասվածի լավագույն վկայությունն է:

Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ բոլոր մասնակիցները երևանյան համաժողովին պատրաստվել էին մանրազնին, ինչն ունեցավ իր հստակ արդյունքները. ստորագրվեցին ոլորտի զարգացման համար զգալի նշանակություն ունեցող և հեռանկարային մի շարք փաստաթղթեր, սերտ կապեր հաստատվեցին Հայաստանի առողջապահության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի առաջատար պրոֆեսորների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համաժողովին պարբերական բնույթ հաղորդելու և դրա շրջանակներում շարունակելու խորացնել առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Ըստ այդմ, հաջորդ համաժողովը նախատեսված է անցկացնել Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG