Մատչելիության հղումներ

Յոհանես Հան․ «Մոլդովան կարող է ապավինել ԵՄ լիակատար աջակցությանը»


ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի (ձախից) և Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի համատեղ ասուլիսը, Քիշնև, 6-ը նոյեմբերի, 2014թ․
ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի (ձախից) և Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի համատեղ ասուլիսը, Քիշնև, 6-ը նոյեմբերի, 2014թ․

Եվրամիության ընդլայնման հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանը, ով այդ պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 1-ից, արտասահմանյան առաջին այցելությունը կատարել է Մոլդովա: Հինգշաբթի օրը Քիշնևում նա հայտարարել է, որ Մոլդովան կարող է ապավինել Եվրամիության լիակատար աջակցությանը:

«Մոլդովան եվրոպական երկիր է, և երկիրը արդիականացնելու իշխանությունների ջանքերը այն կարևոր են դարձնում Եվրամիության համար: Բարեփոխումները պետք է շարունակվեն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Դուք կարող եք գրավել ներդրողներին, եթե նվազեցնեք կոռուպցիայի մակարդակը և դատական հուսալի համակարգ ձևավորեք», - ասել է Հանը Մոլդովայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում:

Նա նշել է, որ Մոլդովայի իշխանությունները պետք է շարունակեն տնտեսությունը զարգացնելու ջանքերը և օգտագործեն Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու հնարավորությունները:

«Ազատ առևտրի գոտին աննախադեպ հնարավորություններ կստեղծի մոլդովական ընկերությունների համար, այդ թվում նաև Դնեստրի ձախ ափին գտնվող ընկերությունների համար», - ասել է եվրահանձնակատարը՝ նկատի ունենալով նաև Մերձդնեստրի ձեռնարկություններին:

Նոյեմբերի 30-ին Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, և այս կապակցությամբ Հանը հույս է հայտնել, որ ընտրությունները ազատ և արդար կլինեն, իսկ դրանցից հետո բարեփոխումները կշարունակվեն:

Յոհանես Հանը նշել է, որ վերջին տարիներին Մոլդովայում մի շարք քայլեր են կատարվել Եվրամիությանը մերձենալու ուղղությամբ:

«Թե ինչպես կզարգանա այդ համագործակցությունը՝ կախված է երկրի առաջընթացի արագությունից: Եվրամիությանն անդամակցելը մեկ օրում չի կատարվում: Դա ժամանակ է պահանջում: Ես կարծում եմ՝ կառավարության մոտեցումները հավակնոտ են, բայց և իրատեսական», - նշել է նա:

Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն հավաստիացրել է, որ Մոլդովան հատուկ ուշադրություն է դարձնում դատական համակարգի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին: Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը 60 միլիոն եվրո էր տրամադրել Մոլդովային արդարադատության համակարգի բարեփոխումների համար:

Լյանկեն հայտնել է, որ Եվրահանձնակատարի հետ հանգամանալից քննարկել են բարեփոխումների իրականացման գործընթացը, որը պետք է շարունակվի նաև ընտրություններից հետո:

«Քաղաքացիները պետք է զգան, որ պետությունը պայքարում է այդ ախտի դեմ: Մենք պայմանավորվել ենք փորձագետների համատեղ խումբ ստեղծել՝ քննարկելու ընտրություններից հետո բարեփոխումները շարունակելու մեր գործունեությունը: Եվրահանձնաժողովի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է», - ասել է Մոլդովայի վարչապետը:

Անցած ամռանը Մոլդովան ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, հուլիսի 2-ին երկրի խորհրդարանը վավերացրել է այն: Եվրամիության անդամ մի շարք երկրներ ևս արդեն վավերացրել են այն, իսկ նոյեմբերի 12-ի համաձայնագրի վավերացումը նախատեսված է Եվրոպական խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG