Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահին Թուրքիայում մեղադրում են ստախոսության մեջ


Ջոզեֆ Բայդեն և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ջոզեֆ Բայդեն և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Բայդենը հայտարարում է, որ Էրդողանից ներողություն չի խնդրել, թուրքական դիվանագիտական աղբյուրները հակառակն են պնդում:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին Թուրքիայում մեղադրում են ստախոսության մեջ: Իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող լրատվամիջոցները, այդ թվում՝ Sabah օրաթերթը, պնդում են, թե ԱՄՆ-ի փոխնախագահը ստում էր, երբ CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե երբեք ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից Անկարայի և Սիրիայի իսլամիստների միջև կապերի մասին հոկտեմբերին հնչեցված սկանդալային հայտարարության համար:

«Ես երբեք նախագահ Էրդողանից ներողություն չեմ խնդրել: Ես նրան շատ լավ ճանաչում եմ, մենք գործնական շփումներ ենք ունեցել, բայցևայնպես ներողության մասին խոսք չկա», - նշում էր Բայդենը: Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքով` «այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես թյուրըմբռնման արդյունք էր»:

Թուրքական դիվանագիտական աղբյուրները, սակայն, պնդում են` Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն խնդրել է:

«Թուրքիայի նախագահական նստավայրի աղբյուրները, ինչպես նաև այնտեղ առկա ձայնագրությունները բացահայտում են, որ Բայդենն օգտագործել է ներողություն բառը ավելի քան մեկ անգամ», - նշում է Sabah-ը՝ հավելելով, թե «Սպիտակ տունն ու Պետքարտուղարությունը ևս իրենց հաղորդագրություններում հստակորեն ընդգծել էին, որ Բայդենը ներողություն է խնդրել»:

Թուրք - ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ծագեց հոկտեմբերի սկզբին` Ջոզեֆ Բայդենի կողմից Հարվարդի համալսարանում արված այն հայտարարությունից հետո, որում նա պնդում էր՝ անձնական զրույցներից մեկի ժամանակ Ռեջեփ Էրդողանն ինքն է խոստովանել, թե Թուրքիան ժամանակին աջակցություն է ցուցաբերել Սիրիայում գործող իսլամիստ ծայրահեղականներին, այդ թվում «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորմանը:

Ուշագրավ է նաև, որ այս սկանդալը ծագեց Բայդենի Անկարա այցի շեմին: Մոտ մեկ շաբաթ առաջ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ նոյեմբերի 17-ին մեկնարկելու է ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ: Այս շրջագայության ընթացքում Բայդենը նախ կայցելի Ուկրաինա, ապա՝ Մարոկո և Թուրքիա: Անկարայում, ըստ France-Presse գործակալության, նա դեմ առ դեմ հանդիպում կունենա Ռեջեփ Էրդողանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG