Արդեն 25 տարի Թուրքիան Վրաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերն է մերձավոր հարևանների շարքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին՝ Թբիլիսիում ընդունելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին:
Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը ակտիվ զարգանում է բոլոր՝ այդ թվում տնտեսական, ռազմական, ռազմավարական, քաղաքական ու քաղաքացիական ոլորտներում:
«Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ Չիչեքի հետ հանդիպումից հետո մամուլի բրիֆինգում Ուսուպաշվիլին ասել է․ - «Մենք նշեցինք, որ Թուրքիան և Վրաստանը գործընկերներ են ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջազգային ասպարեզում: Մենք շնորհակալություն ենք հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում Թուրքիայի վարած քաղաքականության համար, ինչպես նաև Թուրքիայի կառավարության պատրաստակամության համար՝ Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն ապահովելու ու Վրաստանի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում»:
Հանդիպմանը նաև նշվել է, որ թուրք - վրացական հարաբերությունների բոլոր հարցերում գործընկեր է ենթադրվում նաև Ադրբեջանը, ու կարևոր է, որ եռակողմ տնտեսական ու քաղաքական ծրագրերը գնալով ավելի փոխշահավետ են դառնում:
Ըստ այցելության ծրագրի, Ջեմիլ Չիչեքը այսօր ժամանելու է Բաթումի, ուր հանդիպելու է Աջարիայի ղեկավարին, ինչպես նաև այցելելու է տեղի մզկիթը: