Մատչելիության հղումներ

Բյուջետային քննարկումներ Ազգային ժողովի հանձնաժողովներում


Բյուջետային քննարկումներ ԱԺ հանձնաժողովներում
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

«2015 թվականի բյուջեով ի՞նչ միջոցներ են հատկացված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար». այս հարցը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը մի քանի անգամ ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2015 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ։

«Գիտե՞ք, որ եկող տարի տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»,- Մուկուչյանին դիմեց Փոստանջյանը։

«Անկեղծ ասած, չգիտեմ» - արձագանքեց ԿԸՀ-ի նախագահը։

ԿԸՀ-ի նախագահը միայն հերթական ընտրությունների համար է բյուջեից գումար ստանալու.- «Ձեր նշածը, եթե սահմանված կարգով նշանակվի, այն ժամանակ էլ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կիրականացվեն աշխատանքներ»։

Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում 2015 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ իշխանության պահպանման ծախսերի համար նախատեսվել է հատկացնել ավելի քան 90 միլիարդ դրամ, որը գերազանցում է 2014-ի մակարդակը 17 միլիարդ դրամի չափով: Այդ ավելացված 17 միլիարդ դրամի մեծ մասը կազմում է աշխատավարձի բարձրացմանն ուղղված միջոցների ավելացումը և էներգակիրների թանկացման պատճառով առաջացած հավելյալ ծախսերը փակելուն։ Այս առիթով Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցրեցինք, թե ո՞ր գերատեսչությանն է գումար տրվել զարգացման, այլ ոչ թե ավելացած ծախսերը փակելու համար։

«Դրանք բազմաթիվ են, հիմնական թվային ավելացումները աշխատավարձին են վերաբերում, իսկ մյուսը ծրագրային խնդիրներն են, որոնք գերատեսչությունները ներկայացրել են և տրամադրվել են գումարներ։ Օրինակ, ՀՀ քննչական ծառայությանը տրամադրվել է բավականին մեծ գումար, որպեսզի շենքային պայմաններն ապահովի...»,- ասաց Սահակյանը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ելույթից հետո նրան հարց ուղղեց, մասնավորապես, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության վերաբերյալ՝ որքանո՞վ է նախարարությունը հետամուտ լինում այդ գերատեսչության արդյունավետ աշխատանքին։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ ո՞րն է ԴԱՀԿ ծառայության աշխատանքի տնտեսական արդյունքը երկրի համար։

«Ձեռնարկությունները ունեզրկվում, փակվում են, իրենց վարույթների թիվը ավելանում է, ամբողջ գույքը տանում են, վաճառում են։ Դրա տնտեսական էֆեկտը ո՞րն է»,- հարցրեց նա։

«Բավարարում են պարտատերերի պահանջները»,- արձագանքեց նախարարը։

Երբ մարզպետերը արդեն տարածքային կառավարման մշտական հանձնաժողովում էին ներկայացնում իրենց մարզերին 2015 թվականին հատկացվող միջոցները, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ արդեն երրորդ տարին է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չեն մասնակցում քննարկումներին։

«Հայաստանում դեդովշինա նույնպե՞ս գոյություն ունի, այսինքն ամենակռուտոյ պաշտոնյաները չեն գալիս ոչ պրեստիժնի տեղեր, գալիս են պաշտոնյաների մեջ գտնվող առավել ոչ արտոնյալները՞։ Կամ գուցե նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կոչում ունեն, գիտության թեկնածու են, նրանց հարմա՞ր չէ այսպիսի քննարկումների մասնակցել։ Երեք տարի այս հարցը բարձրացրել եմ, ասել են պարոն Մարգարյանը, պարոն Խաչատրյան կարևոր գործեր ունեն։ Ուզում եմ տեղյակ պահել, որ ինչպես Տարոն Մարգարյանը, Սուրիկ Խաչատրյանը, ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ և պիտի մեծ ցավով լքեմ ձեր քննարկումը»,- ասաց պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG