Մատչելիության հղումներ

Դավութօղլուն մերժել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը


Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու, արխիվ

Դավութօղլուի խոսքով՝ ընտրությունները կանցկացվեն պլանավորված գրաֆիկով։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մերժել է խորհրդարանական ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու որևէ հեռանկար։

Խորհրդարանական հերթական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու 2015 թվականի հունիսի 7-ին։

«Ընտրությունները կանցկացվեն պլանավորված գրաֆիկով»,- անցած շաբաթավերջին Քահրաման Մարաշ կատարած այցի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետը՝ ընդգծելով քաղաքական կայունության կարևորությունը, որը, ըստ նրա, առկա է 2002 թվականից, երբ առաջին անգամ իշխանության անցավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Մինչև հիմա Էրդողանի գլխավորած կուսակցությունը չի զիջում իր դիրքերը։

Խորհրդարանական ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու հարցը Թուրքիայի մայրաքաղաքում քննարկվում է վերջին մի քանի շաբաթների ընթացքում, մասնավորապես, դրանք սկսվեցին, երբ ընտրական բարձրագույն մարմինը սկսեց խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Ընտրական բարձրագույն հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հերքել էր մամուլում հրապարակված այն լուրերը, թե նախապատրաստական ընթացիկ աշխատանքները սկսվել են վաղաժամկետ ընտրության համար։

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն նաև ասել է, որ ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունների ղեկավարները՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քիրիջդարօղլուն և «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեհվլեդ Բաղչելին պետք է հրաժարական տան, եթե չկարողանան հաջողություն արձանագրել 2015 թվականի առաջիկա ընտրություներում։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ օրինակ բերելով Եվրոպայի քաղաքական կյանքը և քաղաքական գործիչներին, Դավութօղլուն ասել է. - «Այնտեղ դուք չեք տեսնի որևէ մեկին, ով չնայած ձախողմանը, շարունակում է իր քաղաքական կյանքը, բայց մեր երկրում մշտական ձախողումներից հետո էլ առաջնորդները պահում են իրենց դիրքերը։ Ոչ մի տեղ նման բան չկա»։

Փոփոխությունների առումով Դավութօղլուն օրինակ է բերել իրենց կուսակցության ներքին որոշումը, ըստ որի, չնայած մեծ հաջողություններին, կուսակցության նույն անդամը երեք անգամից ավելի չի կարող պատգամավոր լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG