Մատչելիության հղումներ

Դիտորդները գովեստով են խոսում Ռադայի ընտրությունների մասին


Ուկրաինա - Միջազգային դիտորդների ասուլիսը Կիևում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.
Ուկրաինա - Միջազգային դիտորդների ասուլիսը Կիևում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Պորոշենկոյի դաշինքը և Յացենյուկի Ժողճակատը կոալիցիա կկազմեն:

Միջազգային դիտորդները բարձր են գնահատում անցած կիրակի օրը Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Ընտրություններում հաղթել են եվրոպամետ կուսակցությունները։

ԵԱՀԿ-ի տեսակետն ամփոփել է այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Քենք Հարսթեդը։

«Գործընթացում եղել են դրական շատ հանգամանքներ, օրինակ՝ չեզոք և անկողմնակալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, մրցակցային ընտրություններ, որոնք քաղաքացիներին տվել են իրական ընտրություն անելու հնարավորություն, երաշխավորվել են հիմնարար ազատությունները», - ասել է ԵԱՀԿ-ի համակարգողը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Գերագույն ռադայի ընտրությունները լավ կազմակերպելու և անցկացնելու համար։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ասել է, որ ուկրաինացիները պետք է հպարտ լինեն բազմակարծության պայմաններում արդար և օրինական ընտրություններ անցկացնելու համար։

Նախնական տվյալներով՝ վարչապետ Արսենի Յացենյուկի առաջնորդած Ժողճակատը և նախագահ Պետրո Պորոշենկոյի դաշինքը հավաքել են քվեների համապատասխանաբար 21.6 և 21.45 տոկոսը, երրորդ տեղում «Ինքնաբավություն» կուսակցությունն է, որը քվեների 11 տոկոսն է հավաքել։

Պորոշենկոն ակնհայտ ուրախությամբ է խոսել նախնական արդյունքների մասին։

«Շատ գոհ եմ «Պետրո Պորոշենկոյի դաշինքի» համար, բայց ամենակարևորն այն է, որ մենք վերջապես ունենք ուկրաինամետ և եվրոպամետ մեծամասնություն», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքերով՝ կառավարություն կազմելու հարցում իր դաշինքի հիմնական գործընկերը կլինի Ժողճակատը։

Յացենյուկի փոխանցմամբ՝ նոր կոալիցիայի համար առաջնահերթությունը պետք է լինի Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը։

«Կոալիցիայի աշխատանքի հիմքում պետք է դրվի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը», - ասել է գործող վարչապետը։

Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան ընդունում է ընտրությունների արդյունքները՝ չնայած եղել են «բազմաթիվ խախտումներ և թեկնածուների իրավունքների սահմանափակումներ»։

Նա հույս է հայտնել, որ ընտրությունները թույլ կտան կազմել կառուցողական կառավարություն, ինչը կնպաստի իրավիճակի կայունացմանը։

Լավրովն ասել է, թե Կրեմլը Կիևին հորդորում է անմիջական երկխոսություն հաստատել Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG