Մատչելիության հղումներ

Այսօր Ազգային ժողովում իրականացված սպանդի 15-րդ տարելիցն է


Այսօր ՀՀ ազգային ժողովում իրականացված սպանդի 15-րդ տարելիցն է
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Այսօր Ազգային ժողովում իրականացված սպանդի 15-րդ տարելիցն է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները այսօր խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:

Հուշարձանին ծաղիկներ դրեցին նաև խորհրդարանի շենքում 15 տարի առաջ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին ու որդին՝ Ռիմա Դեմիրճյանը և Ստեփան Դեմիրճյանը:

«Ազատության» դիտարկման, թե շատերը կասկածում են, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի շենքում իրականացված ահաբեկչական հարձակման բոլոր հանգամանքներն են բացահայտվել ու ու հարցին, թե արդյոք ինքը կիսում է այդ կասկածները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. - «Մենք ցավով ենք հիշում այդ ոճրագործությունը, դատապարտում ենք: Եվ այսօր ես վստահ եմ, որ ամեն ինչ արվեց պատկան մարմինների կողմից, որպեսզի իրականությունը բացահայտվի, և այսօր ունենք այն, ինչ որ ունենք: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, միշտ էլ մենք հույս ունենք, եթե իրոք կա հանրության մեջ ինչ-որ կասկած ինչ-որ տեղ, ուրեմն պատկան մարմինների պետք է հետևողական լինեն: Բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ արվեց… Այնպես չի, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել»:

Հիշեցմանը, թե հարցը վերաբերում էր անձամբ իրեն, թե արդյոք ունի կասկածներ, Աբրահամյանն արձագանքեց. - «Ոչ»:

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Արմեն Սարգսյանը, մինչդեռ, փակված չի համարում Հոկտեմբերի 27-ի գործը:

«Ինձ հետաքրքիր է, թե կատարողների գլխին, մեջքին ով է կանգնած եղել: Այդ հարցը ինձ համար կոնկրետ փակված չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա` հավելելով, թե չի կարող ասել, թե երբ գործն ամբողջությամբ կբացահայտվի:

Հարցին, թե արդյոք դա կապված է իշխանության փոփոխության հետ, Արմեն Սարգսյանն ասաց. - «Չգիտեմ... Բայց ի վերջո կգա ժամանակ, և արդարությունը դուրս կգա ջրի երես: Ընդամենը մի հոգու ցանկություն, ավելի շատ խորը ցանկություն է պետք, որ կարողանան ի հայտ բերել: Դա իմ կարծիքն է, որ միայն այդ հինգը չէին: Ինչպես մտածում է ամբողջ ժողովուրդը, ոչ միայն ես»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ՝ իշխանություններն ամեն ինչ արեցին Հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար: Իսկ ավելի քան 3 տարի տևած դատավարությունն այդպես էլ չփարատեց հասարակության կասկածները․ - «Իսկ ո՞վ է հավատում, որ այդ 5 մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին»:

Այսօր ավելի ուշ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ է դրել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Լրագրողների հարցերին նա չպատասխանեց:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի իրականացրած սպանդին զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Ահաբեկչական հարձակումն իրականացրած 7 անձանցին 6-ը դատապարտվեցին ցմահ, 1-ը՝ 14 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG