Եվրամիությունը ակտիվորեն աշխատում է ռուսերեն լեզվով ինֆորմացիոն հեռուստաընկերություն հիմնելու համար, որը նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի համար: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր այդ մասին հաղորդել է լեհական PAP լրատվական գործակալությունը:
Նոր հեռուստաընկերությունը ստեղծվում է ժողովրդավարությանն աջակցող Եվրոպական հիմնադրամի հովանու ներքո, որի նախագահը լեհ Եժի Պոմյանովսկին է: Ծրագրի աշխատանքային անվանումն է «Եվրոպական հեռուստատեսություն Արևելյան գործընկերության երկրների համար», ոմանք այն կոչում են «Եվրոպայի ձայն»:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հեռուստաընկերության ֆինանսավորման համար իր բյուջեից արդեն հատկացրել է 3 միլիոն զլոտի՝ դա մեկ միլիոն դոլար է կազմում:
«Մեզ համար կարևոր է, որ այն լինի ժամանակակից հեռուստատեսություն, մատչելի և բարձր որակի: Եվրոպական երկրները ինֆորմացիոն քաղաքականության ոլորտում ակտիվ չեն», - պաշտոնյաներից մեկի այս խոսքերն է մեջբերում PAP-ը:
Ավելի վաղ Լեհաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում արտաքին գործերի նախարարի տեղակալ Կատաժինա Կացպերչիկը ասել է, որ հեռուստաընկերության հայեցակարգը պետք է պատրաստ լինի այս տարվա վերջին:
«Հեռուստաընկերությունը ստեղծելու հարցով խորհրդակցություններ են անցկացվում ինչպես Եվրամիության երկրներում, այնպես էլ Եվրամիության սահմաններից դուրս: Դրա անհրաժեշտությունը ակնհայտ է: Խոսքն այն մասին է, որ օբյեկտիվ ու հավասարակշռված տեղեկատվություն հասնի Արևելյան գործընկերության բնակիչներին, որոնք տարածաշրջանի իրավիճակի մասին տեղեկատվությունը քաղում են ռուսական լրատվամիջոցներից», - ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը: