Մատչելիության հղումներ

Կանադայի վարչապետը խոստացել է, որ կկռվեն ահաբեկչության դեմ


Օտտավայի հարձակումը իրականացրել է 32-ամյա քվեբեկցին
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Միջազգային համայնքը համերաշխություն է հայտնում կանադացիներին։

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը երեկվա ահաբեկչական գրոհից հետո դիմել է ժողովրդին՝ ասելով, որ «Կանադան երբեք չի վախենա և կկռվի ահաբեկչության դեմ»։

«Մեզ չեն վախեցնի, Կանադան երբեք չեն ահաբեկի, իրականում սա մեզ և ազգային անվտանգության պատկան ծառայություններին էլ ավելի կամրապնդի, կստիպի կրկնապատկել մարտահրավերները դիմագրավելուն ուղղված ջանքերը, կստիպի էլ ավելի սերտ աշխատել ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների հետ, պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք ահաբեկում են մարդկանց և իրենց վայրենությունը հասցնում մեր ափեր»,- ասել է վարչապետը։

Երեկ երեկոյան մի անձ, ըստ նախնական վարկածի` Միշել Զեհաֆ Բիբոն, մայրաքաղաք Օտտավայում կրակ է բացել Առաջին աշխարհամարտի հերոսների հուշարձանի պատվո պահակախմբի վրա, զինվորներից մեկը` կապրալ Նաթան Սիրիլոն մահացել է, ապա ահաբեկիչն ուղևորվել է դեպի հուշարձանի հարևանությամբ գտնվող խորհրդարանի շենք, որտեղ էլ նրան ոչնչացրել են դեպքի վայր հասած ոստիկանները։

Դա մեկուսի միջադեպ չէր, հոկտեմբերի 21-ին Կանադայի անվտանգության ծառայություններն արդեն տեղեկացրել էին ահաբեկչության սպառնալիքի հավանականության մասին, քանի որ մահմեդականություն ընդունած ոմն Մարտին Ռուլոն իր վարած մեքենայով հոկտեմբերի 20-ին միտումնավոր վրաերթի է ենթարկել փողոցում կանգնած կանադացի զինվորներին, ապա փորձել է փախուստի դիմել։

Ոստիկանները Ռուլոյին հետապնդել են և ոչնչացրել են, իսկ վրաերթից տուժած զինվորներից մեկը վնասվածքներից մահացել է։

Ըստ անվտանգության մարմինների, այդ միջադեպերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Կանադան միացել է «Իսլամական պետություն» անվամբ զինված կառույցի դեմ ամերիկացիների առաջնորդած միջազգային ռազմական արշավին։ Որոշ տեղեկությունների համաձայն, իսլամիստների շարքերում կան Կանադայի ավելի քան 130 քաղաքացիներ, նրանք ծագումով հիմնականում Աֆրիկայից են կամ Մերձավոր Արևելքից։

Կանադական մամուլը հայտնում է, որ թե Միշել Զեհաֆ Բիբոն, ով, ենթադրաբար, իրականացրել է երեկվա հարձակումը, և թե հոկտեմբերի 20-ի գրոհի հեղինակ Մարտին Ռուլոն եղել են երկրի անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում։

Նրանք ընդգրկված էին մոտ 90 քաղաքացիների ցուցակում, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեության նպատակով արտասահման, ենթադրաբար` Սիրիա կամ Իրաք մեկնելու մտադրության մեջ։ Դա կանխելու համար իշխանություններն առգրավվել են այդ քաղաքացիների անձնագրերը։

«Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարող երկրներում` Միացյալ Նահանգներում, Կանադայում և Ավստրալիայում անվտանգությունն ամրապնդելու լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում։

«Մենք դեռ չունենք մանրամասն տեղեկություններ այդ միջադեպի մասին, բայց այդ տեղի ունեցածը հիշեցնում է, որ մենք պարտավոր ենք զգոն լինել»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ցավակցություն է հայտնել Կանադայի ղեկավարներին և ժողովրդին։

«Այսօր առավել, քան երբևէ, մենք` ավստրալացիներս ու կանադացիները, մեկ ընտանիք ենք, մենք զգում ենք Կանադայի ցավը, կիսում ենք զայրույթը, ես Կանադայի վարչապետին` Սթիվեն Հարփերին, իմ բարեկամն ու գրեթե եղբայրս եմ համարում, հարձակումը նրանց խորհրդարանի վրա` հարձակում է նաև մեր խորհրդարանի վրա»,- ասել է Կանադայի վարչապետ Էբոթը։

Արձագանքել է նաև Փարիզը։ «Ես մեր համերաշխությունն եմ հայտնում Կանադայի իշխանություններին, մենք աջակցում ենք Կանադայի վարչապետ Հարփերին և խորհրդարանի բոլոր կուսակցությունների ղեկավարներին, ովքեր գրոհի պահին խորհրդարանի շենքում էին»,- ասել է նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG