Մատչելիության հղումներ

Կոնգրեսը քաղբանտարկյալ է ճանաչել Շանթ Հարությունյանին և նրա դատապարտված համախոհներին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել, որում, անդրադառնալով 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին ազատազրկման դատապարտելու` հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանի կայացրած վճռին, փաստել է. - «Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության եւ տարրական բարոյական և իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով»:

Կոնգրեսը վկայակոչել է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Քաղաքական բանտարկյալի սահամանում» բանաձևը և հայտարարել, որ Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձևի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:

«Ելնելով վերոշարադրյալից, Հայ ազգային կոնգրեսը Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին,Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին այսուհետև ճանաչում է քաղաքական բանտարկյալ և հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաև կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը», - ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG