Մատչելիության հղումներ

Ռուս ճարտարապետները կոչ են անում պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի շենքը


Ռուս ճարտարապետները կոչ են անում պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի շենքը
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00

Վաղուց արդեն չգործող «Զվարթնոց» օդանավակայանի շինության ոչ բարվոք վիճակի և դրա հնարավոր քանդման մասին լուրը մտահոգել է մի խումբ հայտնի ռուս ճարտարապետների, որոնք օրերս բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին:

«Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն Երևանի և ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշն է, այլև «սովետական մոդեռնիզմի» ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց է, որի հանդեպ այսօր հետաքրքրությունը աճում է ողջ աշխարհում», - ասված է նամակում:

Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարել էր, որ «Զվարթնոցի» հին համալիրը վերածվել է վտանգավոր կառույցի և առաջարկել էր քանդել այն: Սակայն Երևանի քաղաքապետարանը բացասական եզրակացություն էր տվել շինության քանդման առաջարկին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ռուս մասնագետներն այսօր հանկարծ հետաքրքրվել այդ կառույցով:

«Զվարթնոցի» հայտնի աշտարակ-կառույցի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ռուսներից առաջ էլ միջազգային ճարտարապետական հանրությունը ուշադրության կենտրոնում է պահել «Զվարթնոցը» և նամակ գրել Հայաստանի կառավարությանը: Մեր հարցին՝ գուցե Ռուսաստանը փորձում է այսպիսով իր վերահսկողության տա՞կ առնել խորհրդային ժամանակներում կառուցված շինությունները, Թարխանյանը պատասխանեց․ - «Այդ դեպքում մենք պիտի ասեինք, որ նույն ձևով ICOMOS-ը և Ռուսաստանի ճարտարապետները շատ մեծ նամակով գրել էին, երբ Աֆղանստանում քանդվում էին Բուդդայի քանդակները: Այսինքն` դա այդպես չէ: Կան արժեքներ, կան կառուցված շենքեր, որոնք արժեք են դառնում ոչ միայն մի երկրի, այլ բոլորիս համար»:

Նախագահ Սարգսյանին ուղղված նամակը ստորագրել է նաև ICOMOS համաշխարհային ժառանգության հարցերով փորձագետ Նատալյա Դուշկինան: Տեղեկացնենք, որ ICOMOS-ը հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ է: ICOMOS -Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանին չի զարմացնում Ռուսաստանի` թեկուզ ուշացած արձագանքը: Նրա կարծիքով Ռուսաստանն այսօր հետաքրքրված է նախկին Խորհրդային Միության տարածքի բոլոր մշակութային արժեքների պահպանմամբ: Հուշարձանագետը այստեղ քաղաքական և այլ շահեր չի տեսնում:

«Խորհրդային շրջանում ստեղծված ճարտարապետական գործերը հիմա շատ ավելի հետաքրքրություն են ներկայացնում, այնպես որ սա զուտ ճարտարապետական հետաքրքրություն է», - ասում է նա:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն, այդուհանդերձ, ինչ-որ կապ տեսնում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու և «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի վերականգնման միջև: Հին համալիրը կարող է շատ ավելի հարմար լինել տնտեսական այս դաշինքի անդամ երկրներ մեկնելու համար, կարծում է նա:

Վերջին տարիներին «Զվաթնոցը» հանվել է պատմամշակութային հուշարձանների ցանկից, ինչը Թարխանյանին է՛լ ավելի է մտահոգում․ այդպես շատ ավելի հեշտ կլինի շենքի մասին պարզապես մոռանալը, հատկապես, որ այն տարիներ շարունակ չշահագործվելու ու պատշաճ մակարդակով չպահպանվելու պատճառով անմխիթար վիճակում է հայտվել:

ICOMOS-Հայաստանի նախագահ Գյուրջյանը վստահ է, որ ցանկության դեպքում համալիրը հնարավոր է վերականգնել:

«Միշտ կարելի է գտնել ձև` պահպանելու, որովհետև ճարտարապետների ունակությունը և հունարը հենց կայանում է նրանում, որ նրանք կարողանում են որևէ բան պարտադիր պահպանելու պարագայում շաղկապել նորի հետ», - ասում է նա:

30 տարով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վարձակալած «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում:

Թարխանյանն այս հայտարարության տակ ևս միտում է տեսնում․ - «Պարզապես բիզնես-մրցակից ոչնչացնելու քայլեր են արվում: Հասկանում ենք, որ հիմնական չվերթները գնում են դեպի Ռուսաստան: Այդ դեպքում չվերթների մեծ մասը Էռնեկյանի օդանավակայանից կտեղափոխվի հետ` դեպի պետական սեփականությունը»:

Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում ռուս ճարտարապետները նաև նշում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի համալիրները կարող են ադապտացվել և վերասարքավորվել նոր պահանջների ու պայմանների համաձայն, ինչի օրինակները կան ողջ աշխարհում և խնդրում են երկրի ղեկավարին հնարավոր բոլոր միջոցները կիրառել այդ շինության պահպանման համար:

XS
SM
MD
LG