Մատչելիության հղումներ

Միլանի հանդիպում. առաջխաղացում չկա, բայց նկատելի է դրական միտում


Միլանի հանդիպում. առաջխաղացում չկա, բայց նկատելի է դրական միտում
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Քննարկվել է նաև եվրոպացիներն հուզող գազի մատակարարման հացրը։

Միլանում ավելի քան հիսուն երկրների մասնակցությամբ երեկ գումարված «Ասիա-Եվրոպա» 10-րդ գագաթնաժողովի նշանաբանն է «Պատասխանատու գործընկերություն, կայուն զարգացում և անվտանգություն»։

Օրակարգում ամենատարբեր խնդիրներն են` տնտեսության զարգացման ուղիների մշակումից մինչև համաճարակների և կիբեր հանցագործությունների դեմ պայքար, մինչդեռ, առանցքային թեմա է դարձել «Ասիա-Եվրոպա» միջազգային կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի` Ուկրաինայի վիճակը։

Եվրոպական լիդերները վերջին անգամ Ռուսաստանի ղեկավարին հանդիպել են ամռանը` Ֆրանսիայում, արևմտյան դաշնակիցների դեսանտի ափհանման 70-ամյակի տոնակատարության օրը։

Այսօր առավոտյան Միլանում աշխատանքային նախաճաշ էր, որին մասնակցել են Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, պաշտոնավարումն արդեն ավարտող Եվրամիության ղեկավարներ Հերման Վան Ռոմպոյն ու Ժոզե Մանուել Բարոզուն, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պետրո Պորոշենկոն։

Երեկ երեկոյան Բելգրադից Միլան ժամանած Պուտինը արդեն հանդիպել է Մերկելին։ Երկու և կես ժամ տևած քննարկումներից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «կողմերի միջև կան լուրջ տարաձայնություններ Ուկրաինայի վիճակը գնահատելու հարցում»։

«Այնուամենայնիվ, կարևոր է, որ բանակցությունները, մտքերի փոխանակումը շարունակվում են»,- ասել է Պեսկովը։

Այսօրվա աշխատանքային նախաճաշից հետո մի քիչ ավելի հուսադրող մեկնաբանություններ են արվել.- «Ընդհանուր առմամբ ես Միլանի հանդիպումից հետո իսկապես դրական եմ տրամադրված»,- այսօր ասել է տան տիրոջ դերում հանդես եկող Իտալիայի վարչապետ Ռենցին։

Վլադիմիր Պուտինն էլ է դրական գնահատական տվել Միլանի հանդիպմանը։ Եվրոպացիները նշում են, որ ինչ-ինչ ճեղքումի մասին խոսք, իհարկե, չկա, սակայն նկատվում է որոշակի դրական տեղաշարժ։

«Դրական հանդիպում էր, քանի որ մասնակցում էին և Պուտինը և Պորոշենկոն։ Պուտինը վստահեցրել է, թե Ռուսաստանը չի ցանկանում բաժանել Ուկրաինայի տարածքը կամ սառեցնել այս հակամարտությունը»,- ասել է Քեմերոնը։

«Բայց եթե դա այդպես է, ապա Ռուսաստանը պարտավոր է իրագործել այն ամենն, ինչ համաձայնեցվել է` ետ քաշել բանակը, դուրս հանել ծանր տեխնիկան, հարգել բոլոր համաձայնությունները, Ուկրաինայի օրինակարգ ընտրությունները։ Եթե այդ ամենը չլինի, ապա Եվրամիությունը, ներառյալ Մեծ Բրիտանիան, կպահպանեն պատժամիջոցները և կշարունակեն ճնշում գործադրել, որովհետև այդօրինակ հակամարտություն չպետք է լինի մեր մայր ցամաքում»,- ավելացրել է Քեմերոնը։

Նախօրեին Միլանում Գերմանիայի կանցլերը առանձնազրույց է ունեցել ոչ միայն Պուտինի, այլև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։

«Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերվում է մեծ աջակցություն և համերաշխություն»,- ասել է Պորոշենկոն։

Մերկելն այսօր ասել է, որ Արևմուտքը շարունակելու է քննարկումները Պուտինի հետ։

«Որոշ առաջընթաց կար, սակայն գլխավորն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն է, այս առումով հարկ է լուծել Դոնեցկում և Լուգանսկում ընտրությունների հարցը, դրանք պետք է համապատասխանեն Ուկրաինայի օրենսդրությանը»,- ասել է կանցլերը։

Նախագահ Պորոշենկոն այսօր հայտնել է, որ Միլանում առաջընթաց կա գազի մատակարարման հարցում։ Նրա խոսքերով, նոր պայմանագրի ընդհանուր դրույթները համաձայնեցված են, առաջիկայում տեղի կունենան բանակցություններ ֆինանսավորման շուրջ։

Այս տարվա ապրիլից սկսված մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինայում ընդհանուր հաշվով սպանվել է ավելի քան 3660 մարդ։ Սեպտեմբերի 5-ին կողմերը Մինսկում կնքել են հրադադար, որը սակայն, շատ հաճախ խախտվում է։

XS
SM
MD
LG