Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանը նահանջեց համաժողովրդական ճնշման ներքո


Լևոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանը նահանջեց համաժողովրդական ճնշման ներքո
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

«Իշխանությունը նահանջում է համաժողովրդական նոր ձևավորված ճնշման շնորհիվ», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի՝ Tert.am-ի հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։

Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ:

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, ի՞նչպես եք գնահատում նախագահի խոսնակի այս հայտարարությունը, և արդյո՞ք սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հետաձգում է այս հարցում իր դիրքորոշումը հայտնելը։

Զուրաբյան. - Սա ակնհայտ նահանջ է իշխանության կողմից, որովհետև իրենք իրենց որոշումը, որը պլանավորել էին, որ պիտի կատարեին հիմա, սրանով հետաձգում են մինչև մարտ։ Ակնհայտ է ևս մեկ բան, որ այս հետաձգումը, այս նահանջը, կատարվել է համաժողովրդական նոր ձևավորված ճնշման շնորհիվ։

«Ազատություն». - Ի՞նչը նրան հետ պահեց այս քայլից, այսինքն՝ մտավախությո՞ւնը, որ կարող է իսկապես Սահամանադրական բարեփոխումների այս հայեցակարգը դառնալ իր հրաժարականի պատճառ, ինչի մասին Դուք նաև նշում էիք նախապես։

Զուրաբյան. – Ակնհայտ պահանջներ են դրվել. դրանցից մեկը այս սահամանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու, այս ծրագրից հրաժարվելու մասին պահանջն է։ Այսօր Սերժ Սարգսյանը պետք է իր վերարտադրման ծրագրի իրականացման սկիզբը դներ, և ինքը հրաժարվեց այդ սկիզբը դնել՝ առնվազն հետաձգելով հարցը մինչև մարտը։ Բնական է, սա մարտավարական նահանջ է, բայց այնուամենայնիվ նահանջ է, և ակնհայտ է, որ սա իշխանության առաջին արձագանքն է արթնացող, մեծացող, ահագնացող համաժողովրդական շարժման, ճնշման ներքո։

«Ազատություն». - Երբ արդեն ճնշման արդյունքում ունեք նահանջ, զիջում Սերժ Սարգսյանի կողմից, որո՞նք են լինելու ձեր քայլերը։

Զուրաբյան. - Կներեք, դա ադեն քաղաքական ուժերի քննարկելիք հարցն է։ Մենք ժամանակ ենք տվել իշխանություններին քայլերի համար, մինչև ամսի 24-ը իշխանությունը ինչ-որ քայլ անում է, միգուցե այլ քայլեր էլ կատարվեն։ Ամեն դեպքում, մենք դեռ պետք է քննարկենք և մեր ասելիքը, ինչպես և խոստացել էինք, միասնական օրակարգի ձևավորման վերաբերյալ, հոկտեմբերի 24-ին, բնականաբար, կհայտնենք ժողովրդին։

«Ազատություն». - Արդյո՞ք, այս զիջումը Սերժ Սարգսյանի կողմից, իշխանությունների կողմից, կփոփոխեն արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ձեր սցենարը։

Զուրաբյան. - Իշխանափոխության խնդիրը չի կարող հանվել օրակարգից որևէ դեպքում, դա արդեն վերջնական դատավճիռ է, որը հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կայացրել է, իսկ թե ի՞նչ քայլեր մենք կձեռնարկենք, դա կորոշվի քննարկումներից հետո և կներկայացվի ժողովրդին հոկտեմբերի 24-ի հանրահավաքին։

Հիշեցնենք՝ այսօր նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա, Սաղաթելայնը նշել է՝ դրանք կանխորոշված են նախագահի 2013թ. սեպտեմերի 4-ի հրամանագրով:

«Հանրապետության նախագահը լուծելու է հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու հարցը: Ընդ որում, դրա համար որոշակի ժամկետներ սահմանված չեն: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում», - ասել էր Սաղաթելյանը։

Սերժ Սարգսյանի խոսնակի այսօրվա հայտարարությունը եռյակի մյուս անդամ «Բարգավաճ Հայաստան»-ում նույնպես գնահատում են իբրև նահանջ ամեն գնով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացնելու նախնական ծրագրից։

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այս որոշումը կապ ունի սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի և հանրության կարծր դիրքորոշման, ինչպես նաև հանրահավաքային շարժման հետ։

«Եվ դա նշված է նաև հայեցակարգում, որ նման լրջագույն փոփոխությունների հատկապես քաղաքական կոմպոնենտը, այն է՝ կառավարման մոդելի փոփոխությունը, պիտի ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսով, իսկ այսօր նման կոնսենսուս գոյություն չունի: Ավելին՝ կա կոնսենսուս մինուս ընդամենը երկու քաղաքական ուժ՝ մինուս ՀՀԿ և ՀՅԴ։ Եվ կոնսենսուսի նման բացակայության պայմաններում գնալ նման ռադիկալ քայլի և ստորագրել հայեցակարգը, կարծում եմ, բոլորն են հասկանում էին, որ շատ վտանգավոր հետևանքներ կարող էր ունենալ», - ասաց Զոհրաբյանը։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու եռյակը Սերժ Սարգսյանի այս որոշումից հետո, Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենք նշել են, որ եռյակի օրակարգը միայն սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված չէ, և որ այս իշխանությունը ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, ուստի երեք քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը միասին, ինչպես նաև առանձին-առանձին, կքննարկեն ստեղծված իրավիճակը և իրենց միասնական դիրքորոշումը կհայտնեն։

XS
SM
MD
LG