Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում երեքշաբթի երեկոյան մեկնարկած հանդիպման հաշիվը խաղի 7-րդ րոպեին բացեց Լոիք Ռեմին՝ Անդրե-Պիեռ Ժինյակի փոխանցումով:
Երկրորդ խաղակեսում հայաստանցի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները Պոլ Պոգբայի նկատմամբ, և ֆրանսիացիները ստացան 11-մետրանոց հարվածի հնարավորություն, ինչն էլ անվրեպ իրացրեց Մարսելի «Օլիմպիկ»-ի ռմբարկու Ժինյակը հանդիպման 55-րդ րոպեին:
Վերջին գնդակը հյուրերը խփեցին հանդիպման 84-րդ րոպեին: Անտուան Գրիզմանը շրջանցեց Գևորգ Կասպարովին և հաշիվը դարձրեց 0:3:
Դեղին քարտով զգուշացվեցին Մուսա Սիսոկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Դաշյանը և Քրիստոֆ Ժալեն:
Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի կազմակերպիչ Ֆրանսիայի հետ հանդիպմանը ներկայացավ առանց իր առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսի՝ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Արազ Օզբիլիսի, Գևորգ Ղազարյանի, ովքեր, ինչպես և նախորդ մի քանի խաղերում, դուրս չեկան խաղադաշտ վնասվածքների պատճառով։ Նույնպես վնասվածքի պատճառով խաղին չէր հայտավորվել նաև Էդգար Մանուչարյանը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը փորձարկեց նոր ֆուտբոլիստների: Առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Արտյոմ Սիմոնյանը՝ հարձակման ձախ եզրում, Մանուչարյանի փոխարեն:
Շալանդն օգտագործեց փոխարինման իր վեց հնարավորությունները՝ խաղադաշտ դուրս եկան Արտակ Դաշյանը, Գևորգ Կասպարովը, Հովհաննես Համբարձումյանը, Ռումյան Հովսեփյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Նորայր Ասլանյանը:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կատարեց հինգ փոփոխություն՝ թույլատրված վեցից: Նա հանդիպման 87-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց թիմի առաջատարներից Քարիմ Բենզեմային, ով չկարողացավ խաղին լիարժեք մասնակցել նախկինում ստացած վնասվածքի պատճառով:
Թիմի մարտավարությունը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չփոխեց. Հայաստանի ընտրանին կրկին խաղում էր 5-2-3 դասավորվածությամբ, որը կիրառվել էր սերբերի հետ հանդիպման ընթացքում։ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի Հայաստան - Սերբիա հանդիպումը Երևանում, հիշեցնենք, անցած շաբաթ օրը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Ֆրանսիացիների դասավորվածությունը 4-2-3-1 էր:
Ֆրանսիայի հետ հանդիպումը մրցութային չէր, սակայն կարևոր ստուգատես էր Հայաստանի ընտրանու համար նոյեմբերի 14-ին կայանալիք Պորտուգալիայի հետ արտագնա խաղից առաջ: Այժմ Եվրո-2016-ի I խմբի ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումների արդյունքում Հայաստանի հավաքականը 1 միավորով 4-րդն է:
Այսօր I խմբում կկայանան Սերբիա-Ալբանիա և Դանիա-Պորտուգալիա հանդիպումները:
Անի Մեջլումյան