Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանի համոզմամբ՝ Հայաստանում էբոլա տենդի տարածման վտանգը մեծ չէ, քանի որ մեր երկրում այդ հիվանդությունը տարածող չղջիկներ, կապիկներ և այլ` այդ առումով ռիսկային կենդանիներ չկան: Վարակվելու միակ ճանապարհը մարդուց մարդուն փոխանցումն է, և քանի որ այս հիվանդությունը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, ապա, սահմանափակելով հիվանդի հետ սերտ շփումները, կարելի է պաշտպանվել էբոլայից:
«Մասսայական բռնկում չենք ունենա. ամեն դեպքում մեր կանխատեսումներն այդպիսին են։ Այդ հիվանդության տարածմանը նպաստում են նաև այն բնակլիմայական պայմանները, որ կան այնտեղ», - «Ազատությանը» փոխանցեց Թորոսյանը:
Հայաստանում էբոլա տենդով վարակման որևէ դեպք առ այսօր չի գրանցվել: Թորոսյանի խոսքով՝ քիչ է նաև համաճարակի հավանականությունը, այդուհանդերձ, ամառվանից բարձրացվել է բոլոր բուժաշխատողների, տուրիստական գործակալությունների զգոնությունը, նաև ուժեղացվել է վերահսկողությունը օդային և ցամաքային սահմանային անցակետերում, բուժանձնակազմի համար ձեռք է բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստ, տարվել է համապատասխան բացատրական աշխատանք:
Այս ամենն արվել է, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս տարվա բռնկումը դիտում է որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Իսկ դա նշանակում է, որ հիվանդության դեպքեր կարող են գրանցվել աշխարհի բոլոր երկրներում: Հայաստանի առողջապահության նախարարությունը, սակայն, հավաստիացնում է, որ Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է դիմակայելու այս հիվանդությանը:
«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մենք ունենք հատուկ մեկուսարաններ, քանի որ այս հիվանդների բուժումը կատարվում է միայն առանձնացված և մեկուսացված պայմաններում», - փոխանցեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետի բժիշկ Արման Ավետիսյանն ասում է, որ հատուկ սարքով հայտնաբերում են ջերմող հիվանդներին և հետագա վերահսկողություն սահմանում նրանց նկատմամբ:
«Մեզ հետաքրքրում է այս պահին 38 աստիճանը և բարձրը: Եթե հայտնաբերում ենք մարդու դեմքի վրա կարմրածություն, կատարվում է մեր հետագա աշխատանքները», - նշեց Ավետիսյանը:
Նախարարության տվյալներով՝ վերջին ամիսներին 4 ջերմող հիվանդներ են հայտնաբերվել, թեև հետագայում պարզվել է, որ պատճառը էբոլան չէ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Գեղամ Խաչատրյանն իր հերթին ասում է, որ Հայաստանի համար էբոլայի տարածման վտանգը մեծ չէ, քանի որ չկան ուղիղ չվերթներ աֆրիկական այն երկրների՝ Սիերա Լիոնեյի, Լիբերիայի, Նիգերիայի հետ, որտեղ ներկայումս հիվանդությունը մեծ տարածում ունի:
Գեղամ Խաչատրյանի խոսքով՝ եթե անգամ լինեն վարակի դեպքեր, ապա իրենք լիովին պատրաստ են դիմագրավել դրա տարածմանը: