Հայաստանում երեկ մեկնարկել են Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի լայնածավալ մարտավարական զորավարժությունները՝ ռազմակայանի ամբողջ կազմի ներգրավմամբ, միավորման հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հրամանատարությամբ:
Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, զորավարժություններն անցկացվում են բարձրլեռնային Կամխուդ և Ալագյազ ուսումնավարժական համալիրներում և մի քանի փուլով կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը:
Առաջին փուլում միավորման բոլոր ստորաբաժանումները մարտական պատրաստության են բերվել և 30 կիլոմետրանոց երթ իրականացրել դեպի կենտրոնացման շրջան:
Անցկացվող զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պատմության մեջ առաջին անգամ շուրջ 3 հազար զինծառայողներ և 500 միավոր ռազմական ու հատուկ ռազմական տեխնիկա ստորաբաժանումների կազմում միաժամանակ իրականացնում են 30, 50 և 100 կիլոմետրանոց երթեր, ասված է հաղորդագրությունում: Բացի այդ, հոկտեմբերի 17-ին նրանք Ալագյազ փորձադաշտում ՄիԳ-29 չորրորդ սերնդի արդիական կործանիչների պաշտպանության ներքո կիրականացնեն բոլոր զինատեսակներից մարտական հրաձգություն պայմանական հակառակորդի ուղղությամբ:
Երկու երթուղիներով զինտեխնիկայի տեղաշարժին հետևել է անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը՝ «Նավոդչիկ-2» նոր համալիրի «Զաստավա», «Լեեր» և «Գրանատ» արդիական տեխնիկայի կիրառմամբ:
Զորավարժություններն անցնում են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկի ղեկավարությամբ: