Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նպատակ ունի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորել


Լուսանկարը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից
Լուսանկարը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից

Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են Կասպիցում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հնարավորությունը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի համոզմամբ՝ Ադրբեջանին զենք վաճառելուց Մոսկվան աստիճանաբար անցնում է Բաքվի հետ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորմանը: Վերլուծաբանի կարծիքով՝ այս մասին են վկայում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ երեկ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքները:

«Մեր աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը, անշուշտ, Կասպից ծովում միջպետական փոխգործակցության ամրապնդումն է: Այդ նպատակով քննարկել ենք Կասպիցում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարները», - «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցություններից հետո երեկ հայտարարել է Շոյգուն:

Նրա խոսքով, «Կասպիցում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման ճանապարհին առաջին փուլը կարող է լինել ռազմա-ծովային ուժերի հրամանատարների խորհրդի ստեղծումը»:

​«Նույն այդ որոշումը զենք վաճառելու, որը եղավ, էս վերջին տարին փաստորեն ինտենսիվ զինում են Ադրբեջանի բանակը, իր մեջ ուներ գեոստրատեգիական մեծ նշանակություն: Փորձում են ամեն կերպ ասել, որ դա ընդամենը բիզնես է, բայց ի վերջո բոլորի համար պարզ դարձավ, որ դա նոր ստրատեգիա է Ռուսաստանի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանվել Սարգսյանը:

Ռուսաստանը նպատակ ունի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորել
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Հայաստանը ներկայում անդամակցում է Ռուսաստանի նախաձեռնած մեկ այլ հավաքական անվտանգության կառույցի՝ ՀԱՊԿ-ին, և Մանվել Սարգսյանի ներկայացմամբ՝ այսօր Մոսկվան փորձում է կախվածության մեջ գցել երկու երկրներին, որպեսզի հետագայում Հայաստանն ու Ադրբեջանը պարտադիր կերպով կատարեն Ռուսաստանի որոշումները:

«Կան հարձակողական զենքի տեսակներ, որոնք չի մատակարարում Հայաստանին և ինքն է գալիս այստեղ, ասում է՝ մենք կպաշտպանենք՝ ավիացիան, խոշոր նոր տանկեր: Այսինքն՝ ասիմետրիկ բան է ստեղծում մի կողմից էդ ռազմական ծրագրերով, որը խորացնում է, Ադրբեջանին է, կոպիտ ասած, ստրկացնում էդ առումով, մյուս կողմից էլ վտանգ ստեղծելով Հայաստանի համար պահանջում է, որ Հայաստանը ավելի ու ավելի մեծ քանակի բուն ռուսական զորք ընդունի այստեղ», - ընդգծեց Սարգսյանը:

Շոյգուն ու Զաքիրովը երեկ ստորագրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների միջև 2015 թվականի համագործակցության ծրագիրը: Հայտարարվեց, որ հաջողությամբ կյանքի է կոչվում երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության 2013-2016 թվականների ծրագիրը: Բացի այդ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Ադրբեջանն ավելի շատ զինվորականներ կուղարկի Ռուսաստանի ռազմական բուհեր, ուր ներկայում ուսանում են Ադրբեջանի զինված ուժերի 57 սպաներ: Եվ վերջապես, 2015 թվականին երկու պետությունները կանցկացնեն համատեղ մի քանի զորավարժություններ:

Օհանյան․ «Նորմալ ենք նայում»

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով` «իրենք նորմալ են նայում» ռուս-ադրբեջանական խորացող ռազմաքաղաքական համագործակցությանը:

«Կասպից ծովի ավազանը բավականին բարդ տարածաշրջան է և այնտեղ կան հինգ պետություններ, որոնք պետք է համագործակցեն: Մենք նորմալ ենք նայում այդ համագործակցության խնդիրներին, որը որ կբերի նրան, որ անվտանգության խնդիրները այդ տարածաշրջանում ավելի բարձր հիմքերի վրա կդրվեն: Առանց համագործակցության այդ տարածաշրջանը չի կարող լուծել անվտանգության խնդիրներ», - շեշտեց Օհանյանը:

Միաժամանակ, այսօր Հայաստանի պաշտպանության նախարարը հարկ համարեց նշել, որ «Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG