Մատչելիության հղումներ

Նոր օրենքի պատճառով դեղորայք ներկրողները «կպարալիզացվեն»


Նոր օրենքի պատճառով դեղորայք ներկրողները «կպարալիզացվեն»
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

Նոր օրենքի պատճառով դեղորայք ներկրողները «կպարալիզացվեն»

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությամբ Հայաստան ներմուծվող կամ տտեղում արտադրվող բոլոր դեղերը պետք է ունենան հատուկ դրոշմապիտակ, ինչպիսին, օրինակ, փակցված է ջրի շշերի վրա։ Կառավարության ծրագրով առաջիկա մեկ տարվա ընթացքում այդ պիտակը պետք է փակցվի միջինը մոտ 150 միլիոն միավոր դեղի սրվակի կամ տուփի վրա: Պիտակը կտրամադրի պետությունը, մնացածը կանի ներկրողը։

Նոյեմբերը շուտով կկիսվի, սակայն ներմուծողները դեռ չեն կարողանում ստանալ խոստացված պիտակները, ընդ որում՝ դա, ըստ նրանց, այս ողջ գործընթացի ամենափոքր խնդիրներից մեկն է միայն։

«Պետք է մոտ 15 հոգի աշխատող բերենք, որ էս ծավալի աշխատանքները կատարվեն, որովհետև այս պահին արդեն 6 միլիոն միավոր ապրանք ունենք, որը ենթակա է դրոշմապիտակավորման», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Վագա ֆարմ» դեղորայք ներկրող ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:

«Վագա ֆարմը» դեղորայքի խոշոր ներկրողներից է, ընկերության հիմնադիրը երկար է պայքարել, որ օրենքը չփոխվի, բայց ապարդյուն։ Վարսանյանն ասում է, որ պահեստներում հսկայական աշխատանք պետք է անեն. բացեն դեղերի ստվարաթղթի տուփերը, ձեռքով փակցնեն պիտակները, ապա փորձեն ինչ-որ կերպ նորից փաթեթավորել դեղերը, քանի որ, օրինակ, պարկերի մեջ լցնել ու դեղատներով բաժանել չեն կարող։

«Ու բերում ենք մի 50 հազար հատ: Մենք տուփերով ենք բաժանում դեղատներին, հիմա առանց վնասելու մենք չենք կարող սա անել, տուփի վրա էլ չի լինում: Էն միավորը, որը հասնում է դեղատանը, դա պետք է արվի», - նշեց Վարսանյանը:

Հատկապես բարդ է շատ վաճառվող ու էժան դեղերի պիտակավորումը, որովհետև ամեն ամիս այսպիսի միլիոնավոր դեղեր են ստանում․ - «Մինչև 150 դրամանոց դեղերն են, որը կառավարությունը մտածում է, որ կարող է ստվերային մուտք լինի, որը ոչ մի բացատրություն չունի»:

Վարսանյանն ասում է, որ էլ ավելի բարդ է լինելու ամեն մի փակցված պիտակի համար հաշվետվություն տալը հարկային մարմիններին․ յուրաքանչյուր անգամ փոքրիկ վրիպակը կարող է հսկայական տուգանքների պատճառ դառնալ։ Բայց, այդուհանդերձ, «Վագա ֆարմում» պատրաստ են գործը գլուխ բերել՝ եթե հավատային, որ պիտակները փակցնելը որևէ իմաստ ունի։

Այս գաղափարի հեղինակ Ֆինանսների նախարարության բացատրությունից հետո անգամ բազմաթիվ անպատասխան հարցեր են մնացել։

«Վերջերս ֆինանսների նախարարն ինքը, թերթերին տված հարցազրույցում ֆիքսել էր, որ ստվերի քանակը էական ցածր է՝ համեմատելով այլ ոլորտների հետ: Ուղղակի ասել էր, որ ինչ-որ հարկային հաշվառման խնդիր են դնում: Թե դա ի՞նչ հաշվառման խնդիր է, որի պատճառով մենք պետք է պարալիզացվենք, չի մանրամասնվում», - ընդգծեց Վարսանյանը:

Մասնագետներն ու դեղորայքի ներկրմամբ զբաղվողները հաշվարկներ են անում՝ ստուգելու նախարարության տված բացատրության անկեղծությունը։

Այս ոլորտում ստվերը գնահատվում է մոտ 15 տոկոս՝ ոչ ավելի քան 4 միլիոն դոլար, ինչը, ըստ Վարսանյանի, ուռճացված թիվ է։ Ինչպես նշել են պաշտոնյաները, 3.5 դրամ արժողության դրոշմապիտակներ տպելու համար պետությունը տարեկան կծախսի մոտ 1.3 միլիոն դոլար։ Ստացվում է, որ եթե անգամ Կառավարությունը հասնի իր նպատակին և կարողանա ասենք հիսուն տոկոսով վերացնել ստվերը, բյուջեն հավելյալ կստանա մոտավորապես այնքան գումար, որքան պետությունը պետք է ծախսի դրոշմապիտակի տպագրության համար։

«Կտուժեն միայն ներկրողները և սպառողները, քանի որ չի բացառվում, որ բարձրանա դեղորայքի գինը», - ասում է Վահե Վարսանյանը՝ հավելելով, որ այդ պիտակի միջոցով ստվերի դեմ պայքարը պատկերացնել բարդ է: - «Մաքսային մարմինները կարող են գնալ կաշառք վերցնել: Նույն հաջողությամբ, եթե էնտեղ կարող են գնալ կաշառք վերցնել հարկային մարմինների ներկայացուցիչները, իրենք էլ կարող են կաշառք վերցնել և արդեն դրոշմավորված դեղերը աչք փակեն, որ շրջանառվի»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանին համոզիչ չի թվում Ֆինանսների նախարարության բացատրությունը: Նա կարծում է, որ հնարավոր է դրոշմապիտակների գաղափարը պետական այրերի մոտ ծագել է բոլորովին այլ պատճառով։ Դրոշմապիտակներ տպելու պատվերը ստանում է անձնագրերն ու այլ ապրանքների դրոշմապիտակները տպող ընկերությունը։ Հետևաբար, այս օրենսդրական փոփոխությունից հետո միայն դեղերի մասով այդ ընկերությունը կստանա լրացուցիչ 1.3 միլիոն դոլարի պատվեր:

«Եվ հաջորդ տարվա պետական բյուջեով միայն դրոշմապիտակներ տպագրելու համար հատկացվելու է 3.6 միլիարդ դրամ, կամ մոտ 9 միլիոն դոլար: Դա հսկայական պատվեր է մեկ տնտեսվարող սուբյեկտի համար Հայաստանում, էս տնտեսական պայմաններում», - ասաց Գևորգյանը:

Նա նաև պարզել է, որ իրականում այդ պիտակը չպետք է արժենա ավելի քան 1 դրամ․ - «Մի քանի ինձ ծանոթ տպագրիչներ, որոնք մոտավորապես էդ նույն ոլորտում գործում են, ես նրանց բոլորից խնդրեցի, որ ասեն, թե որքան է դրոշմապիտակի ինքնարժեքը, եթե իրենք տպագրեն: Բոլորը նշում էին 99 լումայից մինչև 1 դրամ մեկ դրոշմապիտակի համար: Պետությունը յուրաքանչյուրի համար վճարելու է 3.5 դրամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG