Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյան. Երազում եմ, որ սա դառնա աշխարհի լավագույն դպրոցներից մեկը


Այսօր բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը։ Պաշտոնական բացմանը ներկա էր նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Դպրոցը պետության և մասնավորի համագործակցության ևս մի օրինակ է, իր խոսքում նշեց Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր բարերարներին, ովքեր մասնակցել են կառույցի կայացման գործում:

Դպրոցը միջազգային է ու տարածաշրջանում միակը, ուստի նախագահը ցանկություն հայտնեց առաջիկայում այստեղ տեսնել նաև ադրբեջանցի ուսանողների.- «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է, և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»։

Այս բիզնես նախագծի հեղինակ, գործարար Ռուբեն Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չկա լավագույն նախագիծ հասկացությունը, քանի որ իր յուրաքանչյուր ծրագրի մեջ իր հոգին է դնում: «Ես երազում եմ, որ դպրոցը կդառնա աշխարհի լավագույն դպրոցներից մեկը և այստեղ սովորեն հրաշալի երեխաներ, որոնք կրթվելուց բացի սիրով կլցվեն դեպի Հայաստանը»,- ասաց Վարդանյանը։

«Ազատության» հարցին, թե Հայաստանի պես փորք երկիր կարո՞ղ է իրականացնել համաշխարհային մակարդակի հզոր ծրագրեր, Վարդանյանն պատասխանեց.- «Նայեք ինքներդ և կտեսնեք, շփվեք երեխաների հետ և կհասկանաք»:

Մինչ երեխաները զվարճանում էին, զրուցեցինք բացման արարողությանը ներկա հայտնի ու հեղինակավոր մարդկանցից մի քանիսի հետ: «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանը շեշտեց, որ հայտնի մեծ հայերը միշտ մեկնել են Հայաստանից դուրս բարձրորակ կրթություն ստանալու, ու այս դպրոցը հրաշալի հնարավորություն է շատերի համար ստանալ այդպիսի կրթություն հենց Հայաստանում։

Ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ով Դիլիջանում էր որդու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ուրախ էր, որ հայ մեծահարուստներն ի վերջո որոշել են նաև մեծ գումարներ ներդնել կրթական ծրագրերի վրա:

«Փառք այն նվիրատուներին, որ այդ հեռատեսությունը ունեցան»,- ասաց պատմաբանը։

Հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն էլ վստահություն հայտնեց, որ այս դպրոցը հետագայում շատ մեծ ազդեցություն է ունենալու երկրի հեղինակության վրա:

«Ռուբեն Վարդանյանը փոքր ծրագրեր չի իրականացնում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց միջոցառման հյուր ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը.- «Այստեղ ժամանած երեխաների հետ զրուցեք և կհասկանաք, որ նրանք հիացած են Հայաստանով և հատուկ են եկել այս երկիր նորանոր տեղեկություններ ստանալու համար»։

Իսպանիայից, Բրազիլիայից, Գանայից, Թուրքիայից և աշխարհի այլ երկրներից Դիլիջան ժամանած պատանիները հաջորդ շաբաթվանից արդեն կխորանա գիտության տարբեր ոլորտների մեջ ու երկու տարի շարունակ կստանան որակյալ կրթություն, իսկ այսօր երգի, պարի, ուրախության օր էր:

Մարիա Քրիստինա Հիլը Վենեսուելայից է ժամանել Դիլիջան․ մշակույթների այս խառնարանում պատրաստվում է ներկայացնել իր երկրի ավանդույթները։ Նա քիչ բան գիտի Հայաստանի մասին, բայց վստահ է՝ երկու տարի հետո անգամ հայերն է խոսելու։

Իսպանացի Անթիլը պատրաստվում է կինոյի, թատրոնի և երաժշտության պատմություն ուսումնասիրել։ Նա ևս դեռ ծանոթ չէ հայկական մշակույթին, սակայն կարծում է, որ այն ազդեցություն կթողնի իր հետագա ստեղծագործական կյանքի վրա։

Դպրոցում սովորում են նաև թուրք երեխաներ: Նրանից մեկն ասաց, որ իրեն շատ լավ է զգում Հայաստանում և կարծում է, որ իր ներկայությամբ ինչ-որ մի դրական բան կմտցնի հայ-թուրքական հարաբերություններում:

Միջազգային դպրոցում Հայաստանից տասը աշակերտ է սովորում։

XS
SM
MD
LG