Մատչելիության հղումներ

Մոսկվային մտահոգում է Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառույցների տեղակայման հեռանկարը


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, արխիվ

Միջազգային միջնորդների հովանու ներքո անցկացվող ռուս - վրացական ժնևյան հերթական բանակցություններում ռուսական կողմը մտահոգություն է հայտնել Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառույցներ տեղակայելու մասին մամուլում հրապարակված լուրերի կապակցությամբ:

Բանակցությունների հերթական փուլն անցկացվել է հոկտեմբերի 7-8-ը, ըստ վրացական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են, բայց էական առաջընթաց չի արձանագրվել:

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ նման գործողությունները սպառնալիքներ կստեղծեն Անդրկովկասյան տարածաշրջանի կայունության համար:

Հաջորդ օրը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, արձագանքելով Մոսկվայի հայտարարությանը, ասել է, թե տարածաշրջանի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է:

Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ալասանիան ասել է․ - «Տարածաշրջանի միակ, ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանի օկուպացիոն ուժերն են մեր երկրում և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ շարունակվող ագրեսիան»:

Civil.ge կայքի փոխանցմամբ՝ Ալասանիան պնդել է, որ Վրաստանում կստեղծվեն ՆԱՏՕ-ի ենթակառույցներ, նշելով, որ դա Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումներից է:

«Վրաստան - ՆԱՏՕ փաթեթը ծառայում է հենց նրան, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառույցներ բացվեն, անցկացվեն համատեղ զորավարժություններ, և այդպիսով ուժեղացվեն ինչպես ռուսական կողմի ագրեսիային դիմակայելու գործոնը, այնպես էլ մեր պաշտպանունակությունը: Որոշումն ընդունված է: Եվ ես նաև ցանկանում եմ ասել, որ դա միայն ու միայն կնպաստի տարածաշրջանում, երկրում կայունության ամրապնդմանը», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Նա նաև հայտնել է, որ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում աշխատելու են ՆԱՏՕ-ի զինվորական մասնագետներ, որոնք վերահսկելու են ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը իրականացնելու գործընթացը: Մանրամասնելով՝ Ալասանիան նշել է, որ ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը նախատեսում է ստեղծել համատեղ վարժանքների կենտրոն, ինչպես նաև ռազմական դպրոց, որտեղ կարող են վերապատրաստվել գործընկեր երկրների զինծառայողներ:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ևս երեկ հայտարարել է, որ սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու, բանակը վարժեցնելու Վրաստանի գործողությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն:

«Ընդհակառակը, դա ծառայում է տարածաշրջանի կայունության ամրապնդմանը», - շարունակել է Փանջիկիձեն և քննադատել Ռուսաստանին․ - «Շատ ուրիշ գործոններ կան, որոնք չեն նպաստում տարածաշրջանի կայունության ամրապնդմանը, և մենք Ռուսաստանին կոչ ենք անում հենց դրանք կարգավորել: Դրանք մեր օկուպացված տարածքներն են, անվերահսկելիությունը այնտեղ և այդ տարածքներում ռուսական բանակի ներկայությունը», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG