Մատչելիության հղումներ

Գյումրիում կկառուցվի հայ-ռուսական բարեկամության այգի


Գյումրիում հայ-ռուսական բարեկամության այգի կկառուցվի
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Գյումրիում հայ-ռուսական բարեկամության այգի կկառուցվի

Իշխանությունները խոստանում են, որ այգու նոր նախագծից դուրս չի մնա 2 տարի առաջ տեղադրված Հրանտ Դինքի անվամբ հուշաքարը:

Գյումրիում սկսվել է հայ-ռուսական բարեկամության այգու կառուցապատումը: Նախաձեռնությունը Ռուսաստանի Կուրսկ քաղաքի հայ համայնքինն է, ֆինանսական միջոցները ևս այդ համայնքն է հատկացնում:

Այգին Գյումրու Բուլվարային թաղամասում է: Մուտքի կամարի շինարարությունը շուտով կավարտվի:

Ինչպես երևում է տեղում փակցված նախագծից՝ կամարի մի կողմում Գյումրու, մյուսում՝ Կուրսկի զինանշաններն են փակցվելու:

«Ազատության» հարցին, թե ինչ հիմունքներով է հատկացվել այգու տարածքը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը պատասխանեց․ - «Ներկա դրությամբ տարածքը վարձակալությամբ ենք իրենց հատկացրել՝ մինչև 20 տարի ժամկետով: Բայց պայմանների մեջ գրված է, որ համաքաղաքային տարածք է դառնալու, այսինքն՝ ծառայելու է ժողովրդին: Էնտեղ ոչ մի պարսպապատում կամ արգելում մարդկանց օգտագործման համար չի լինելու»:

2 տարի առաջ հենց այս պուրակում տեղադրվեց Հրանտ Դինքի անվամբ հուշաքար՝ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի ներկայությամբ: Մեկ այլ հուշաքարով էլ պուրակը հռչակվեց որպես «Ամբողջ աշխարհի արդարամիտների այգի»:

Դինքի անվամբ տեղադրված հուշաքարը տեղում էր, իսկ ահա «Ամբողջ աշխարհի արդարամիտների այգու» հուշաքարը տեղաշարժել էին, քանի որ այն խանգարում էր մուտքի կամարի կառուցմանը, և փակել ապագա հայ-ռուսական պուրակի նախագծով:

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ պաշտոնապես պուրակին որևէ անվանում չի տրվել:

Հենրիկ Գասպարյանն էլ խոստանում է՝ Հրանտ Դինքի հուշաքարի առկայությունը հաշվի կառնեն․ - «Ճարտարապետական լուծումների մեջ կմտնի նաև այդ արձանը: Մենք հետագայում երևի հատուկ ուշադրություն կդարձնենք այդ արձանին»:

Հայ-ռուսական բարեկամության պուրակը հաջորդ տարի պատրաստ կլինի: Քաղաքային իշխանությունը ծայրամասային այդ թաղամասում կյանքն աշխուժացնելու հույս ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG