Մյանմարում՝ նախկին Բիրմայում գտնվող հայ առաքելական եկեղեցում տարիներ շարունակ պատարագներ, ծիսակարգեր, հոգևոր արարողություններ է մատուցել մի մարդ, ով հոգևորական չէ, հայերեն չի խոսում, հայոց լեզվին չի տիրապետում:
Բայց մյուս կողմից նա կենդանի է պահել հայ եկեղեցին, մինչև որ այն վերջապես արժանացել է Էջմիածնի ուշադրությանը:
Ծագումով Հնդկաստանից, բիրմացի Ջոն Ֆիլիքսը պնդում է, որ ինքը անգլիկան եկեղեցու սպասավոր է, և ստանալով հայերի թույլտվությունը, հոգևոր արարողություններ է կատարում Յանգոնի հայկական եկեղեցում: Նրա հայրը, ով երեք տարի առաջ է մահացել, 30 տարի շարունակ եկեղեցու հոգևոր սպասավորն է եղել, և Ջոն Ֆիլիքսը սկսել է շարունակել հոր գործը: Սակայն պարզվում է նա հոգևորական չէ:
BBC-ն հայտնում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հեռավորարևելյան այցի ընթացքում Ջոն Ֆիլիքսին ասել է, որ նա այլևս չի կարող աշխատել եկեղեցում և պահանջել է վերադարձնել բանալիները:
Սակայն Ֆիլիքսը մերժել է կաթողիկոսին, բանալիները չի տվել, և հիմա ամենայն հավանականությամբ իրավաբանական պայքար է սկսվելու:
BBC-ն նաև տեսանյութ է պատրաստել, զրուցել է Ջոն Ֆիլիքսի հետ: Ֆիլիքսը, ով կրոնական կրթություն չունի, ասում է, թե որոշ նմանություններ կան հայ առաքելական ու անգլիկան եկեղեցու կրոնական արարողությունների միջև, բայց նաև մեծ տարբերություններ կան, ու «Տեր ողորմյա» է երգում:
BBC-ի թղթակիցը գրում է, որ նա շատ հաճելի, համեստ մարդու տպավորություն է թողնում, սակայն անգլիկան եկեղեցին պնդում է, որ նա երբեք հոգևորական չի եղել:
«Մեր եկեղեցու կողմից նա ճանաչված չէ»,- ասել է Մյանմարի անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Սթիվեն Թհան Մինթ Օօն և պնդել է.- «Ֆիլիքսը հոգևոր արարողություններ մատուցելու իրավունքը չունի»:
Իսկ Ջոն Ֆելիքսը պնդել է, որ մեղադրանքները անհիմն խոսակցություններ են: Նա ասել է, որ ինքը համապատասխան փաստաթղթեր ունի:
Չնայած նա մերժել է վերադարձել բանալիները, այնուամենայնիվ, անցած կիրակի բացվել են եկեղեցու դռները՝ վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալից, ամենամարդաշատ պատարագի համար:
Պատարագը մատուցել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Գարեգին երկրորդը վերաօծել է եկեղեցու խորանը:
«Տերն ասել է՝ լավ հովիվը պետք է թողնի 99 ոչխարներին ու գնա մեկ կորածի հետևից: Ես այստեղ եմ՝ հետևելով այդ պատվիրանին»,- իր խոսքում ասել է Գարեգին երկրորդը:
Հայտարարվել է, որ սրանից հետո, յուրաքանչյուր կիրակի Կալկաթայից հայ հոգևորական կժամանի Յանգոն հայկական եկեղեցում պատարագ մատուցելու համար:
Վերջին օրերին, մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Մյանմարի՝ նախկին Բիրմայի հայ համայնքի պատմությանը:
Հայերը 17-րդ դարի սկզբին Բիրմա են հասել Պարսկաստանից, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր Յանգոնի, նախկին Ռանգունի կենտրոնում։ Նրանք 1862 թվականին հայկական եկեղեցի են կառուցել: Տեղի պատմաբանները նշում են, որ Բիրմայում հայերը լավ դիրք են ունեցել, հաջողակ գործարարներ են եղել, նաև վարչական պաշտոններ զբաղեցրել:
19-րդ դարի վերջին անցկացված մարդահամարը վկայում է, որ բրիտանական արևելյան գաղութներում՝ Կալակաթայւոմ, Դհակայում, Բիրմայում 1300 հայեր են ապրել: Սակայն անցած դարի կեսերից, մասնավորապես, երկրորդ աշխարհամարտի տարիներին ու Բիրմայի 1962-ի զինվորական հեղաշրջումից հետո հայերը սկսել են հեռանալ:
Մյանմարի “The Irrawanddy” պարբերակը օրերս գրել էր, որ հիմա 10-20 հայկական ընտանիք է մնացել, բայց նրանք խառը ամուսնություններից ծնվածներ են:
Անցյալ տարի մահացել է Բիրմայի վերջին հայը: