Գործազրկության նպաստը վերացնելով՝ գործազուրկների խնդիրը չլուծվեց

Գործազրկության նպաստը վերացնելով՝ գործազուրկների խնդիրը չլուծվեց

No media source currently available

Շահառուների խոսքով՝ գործազրկության նպաստի փոխարեն ներդրված մասնագիտական վերապատրաստման դասընթացները չեն նպաստում, որպեսզի հեշտությամբ աշխատանք գտնեն:

35-ամյա Աստղիկ Գրիգորյանն արդեն տասը տարուց ավելի է, ինչ չի կարողանում աշխատանք գտնել: Անչափահաս երեխաների մայրը նաև մոտ մեկ տարի է, ինչ գործազրկության նպաստ չի ստանում՝ անցած տարի օրենքում կատարված փոփոխություններից հետո:

Զբաղվածության պետական գործակալությունում նրան առաջարկել են նպաստի փոխարեն մասնակցել խոհարարական դասընթացների: Գրիգորյանը շուտով դրանք էլ կավարտի, աշխատանքի հեռանկար, սակայն, դեռևս չի տեսնում:

«Հիմա 14-ին վերջացնում ենք [դասընթացները], չգիտենք՝ ամիսով գործ կարանք ճարենք, թե չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Համակարգը վերանայելու մասին անցած տարի հայտարարեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պնդելով, թե նպաստների առյուծի բաժինը փոշիացել է և այդպես էլ չի հասել աշխատանք փնտրող մարդուն:

«94 տոկոսը ֆինանսական միջոցների, որոնք հատկացվում էին այդ համակարգի միջոցով, չէին հասնում շահառուին, այսինքն՝ այն մարդուն, որը աշխատանք է որոնում: Այս վերջին տարիների փորձի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս 18 հազար դրամանոց նպաստները ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ», - հայտարարել էր նախկին վարչապետը:

Փոխարենը իշխանություններն առաջարկեցին գումարները տալ նոր աշխատատեղերի ստեղծմանն ու պահանջվող մասնագետների վերապատրաստմանը: Այդ նպատակով կառավարությունն արդեն 27.5 միլիոն դրամ է հատկացրել:

Զբաղվածության գործակալության ծրագրերի իրականացման բաժնի պետ Ռուզաննա Արշակյանը պնդում է, թե այս անգամ գումարներն ավելի արդյունավետ են ծախսում, ինչի արդյունքում գործազուրկները նոր մասնագիտությամբ են աշխատանք գտնում:

«Դիզայներ ծաղկի, սեղանի ձևավորում… ընդհանրապես մեր ծրագրերի արդյունքում 50 տոկոսը 3 ամսվա մեջ տեղավորվում է աշխատանքի: 3 ամսից հետո ավելի բարձր տոկոս կլինի տեղավորման», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արշակյանը:

Խոհարարական դասընթացներին մասնակցող 50-ամյա Սուսաննա Երանոսյանը դասընթացները շուտով կավարտի: Աշխատանք դեռ չի գտել, հույսեր առանձնապես չունի: Մինչդեռ նախկինում հստակ ստանում էր ամսական 18 հազար դրամը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, քաղաքացիներից ստացված բողոքներն ուսումնասիրելով, եզրակացրել է, որ այս անգամ էլ կառավարությունը հոնքը ուղղելու փոխարեն աչքը վնասեց: Փոփոխությունից մոտ մեկ տարի է անցել, արդյունքում, սակայն, գործազուրկների բեռն ամենևին չի թեթևացել: Փոխարենը, ըստ Բախշյանի, անիմաստ է դարձել զբաղվածության գործակալությունների աշխատանքն ընդհանրապես:

«Փակեք էդ զբաղվածության կենտրոնները, պետությունը թող էդքան փող չտա, միևնույնն է՝ էդ գործընթացը նույն ձևով գնում է: 27 միլիոն էլ կառավարությունը նորից տվել է, ինչի համար՝ չգիտեմ: Երբ խոսում եմ էդ զբաղվածության կենտրոնի տնօրենի հետ, էնպիսի սիրուն ծրագրեր է ասում, անունները սիրուն են, գումար էլ կա տակը: Խնդիրն էն է, որ էդ մարդը չի մնում էդտեղ աշխատելու», - ընդգծեց Անահիտ Բախշյանը:

Մեկ բան, ըստ Բախշյանի, հստակ է․ այս փոփոխությամբ կառավարությունը հաջողեց առանց գործազուրկների խնդիրը լուծելու՝ գումարներ տնտեսել: Վերապատրաստման դասընթացներին մասնակցում է Հայաստանում գրանցված 60 հազար գործազուրկներից միայն 1300-ը, մինչդեռ նախկինում 18 հազարական դրամներ էին ստանում մոտ 18-20 հազարը:

​
XS
SM
MD
LG