Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից սպառնում էին փակել գյուղի միջով անցնող Մասիս - էջմիածին ճանապարհը։
Նրանք «Ազատության» հետ զրույցում ասացին, որ շուրջ 100 տնտեսություն առանց ջրի է մնացել. փոքր քանակությամբ ձուկ բուծող մասնավոր ձկնատերերից մեկի հողամասում տեղակայված հորից շուրջ 100 տնտեսությանը ջուր մատակարարող խողովակը բնապահպանության նախարարության որոշմամբ այսօր առավոտյան ապամոնտաժվել է։
Բնակիչները խոստանում են դիմել բոլոր պատկան մարմիններին, միայն թե այս խնդրի լուծումը ստանան։ Նրանք նույնիսկ փակեցին ճանապարհը, սակայն ոստիկանների միջամտությամբ շատ կարճ ժամանակ անց ճանապարհը կրկին բաց էր։
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը գյուղացիներին փոխանցեց, որ տնտեսությունները ապօրինի են օգտվել այս ջրից։
«Այսօրվանից սկսվելու է օրինական հսկողությունը, և դա է պատճառը, որ այսօր ջուրը բնակիչներին չի հասնում», - ասաց բնապահպանության նախարարի առաջին տեղակալը։