Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ Իսրաելի և Պաղեստինի միջև կոնֆլիկտի լուծումը երկու երկրների ճանաչումն է:
«Որոշումը պետք է ընդունվի և համաձայնեցվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Այդ որոշումը պետք է բերի նրան, որ երկու կողմերն էլ կարողանան ապրել խաղաղ պայմաններում: Հենց այդ պատճառով է Շվեդիան ճանաչում Պաղեստինը որպես պետություն», - «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ հայտարարել է Լյովենը:
Իր հերթին Իսրայելը դժգոհություն է հայտնել Շվեդիայի վարչապետի հայտարարության վերաբերյալ: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Շվեդիայի կառավարության ղեկավարը «շտապել է» Պաղեստինի սուվերենությունը ճանաչելու մասին հայտարարություն անել:
«Նախքան հայտարարությամբ հանդես գալը, լավ կլիներ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալ», - հայտարարել է Լիբերմանը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին ևս դժգոհություն էր հայտնել Շվեդիայի վարչապետի հայտարարության վերաբերյալ: