Մատչելիության հղումներ

Հաղորդում ոստիկանությանն ու գլխավոր դատախազին՝ ոսկու շուկայի սեփականատիրոջ դեմ


«Քաղաքացիական հասարակության ինստիտուտն» այսօր հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի արարքին պատշաճ որակում տալու և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում քրեական գործ հարուցելու պահանջով։

«Հայաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»։ «Հավաքների ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է. «հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» կատարվածը մարդու հիմնարար իրավունքների՝ ազատ արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտում է որակում», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

Անցյալ շաբաթ, երբ ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը «Ժողովուրդ» պարբերականի (Armlur.am) տեսախցիկի առջև շրջում էր, սեղանները ջարդուփշուր անելու հրահանգներ էր տալիս։

Վաղարշ Աբրահամյանը չէր թաքցնում, որ սեղանները ջարդուփշուր անելու իր նախաձեռնության պատճառը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության կապակցությամբ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքն է Կառավարության շենքի մոտ։

Թեև իրավապաշտպանները պնդում էին, որ ոստիկանությունը պարտավոր է ոսկու շուկայի տիրոջ նկատմամբ մինչև մեկ տարվա ազատազրկման պատիժ նախատեսող հոդվածով քրեական գործ հարուցել՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու համար, այդուամենայնիվ երեք օր առաջ ոստիկանությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ միջադեպի կապակցությամբ քրեական գործ դեռ չի հարուցվել, Ոստիկանությունը հաղորդում չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG