Մատչելիության հղումներ

Դավութօղլուն Արևմուտքին է մեղադրում ԻԼԻՊ-ի առաջխաղացման համար


Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Արևմուտքին է մեղադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջխաղացման համար:

Ստամբուլում անցկացվող համաշխարհային տնտեսական ֆորումում սեպտեմբերի 29-ին իր ելույթում Դավութօղլուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ժողովրդավարությանն աջակցելու` աշխարհի անկարողությունն է ծնունդ տվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

«Արաբական գարնանն իմ արձագանքը շատ դրական էր»,- հայտարարել է Դավութօղլուն` շարունակելով.- «Ես մտածում էի, քանի որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը աջակցել են փոփոխություններին Բալկաններում, ապա վստահաբար նրանք կաջակցեն Մերձավոր արևելքում փոփոխություններին: Մենք ակնկալում էին հետևողական և կայուն քաղաքականություն այդ հարցում: Եթե ցանկանում ենք կայունություն, ապա պետք է աջակցենք ժողովրդավարությանը: Եթե չես աջակցում ժողովրդավարությանը տնտեսական կայունությամբ, ապա այդ ժողովրդավարությունը չի ապրի»։

Դավութօղլուն նաև նշել է, որ բացի Թուրքիայից, որը 2 միլիարդ է հատկացրել Եգիպտոսին և Թունիսին, որևէ մեկը չի ֆինանսավորել այդ երկրներում ժողովրդավարությունը:

«Ես շատ անկեղծ կլինեմ: Մոտեցումը այդ երկրներին հետևյալն է՝ արտաքին աշխարհից ասում են` ախ այդ մահմեդականները, նրանց կարող է կառավարել միայն բռնապետը, այլ կերպ չի ստացվում: Սակայն սա թաքնված ռասիստական մոտեցում է: Այս աշխարհում յուրաքանչյուրը կարող է ժողովրդավարական կառավարություն ունենալ, այդ թվում և իսլամական երկրները»,- ասել է նա։

«Մահմեդական աշխարհը չի կարող հավասարեցվել և նույնացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Այն չի կարող թողնվել այդ կազմակերպության ձեռքերում: Մենք հիմա քննարկում ենք իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության հետ կապված խնդիրները, քանի որ ժամանակին չկարողացանք աջակցել ժողովրդավարական շարժմանը»,- Ստամբուլում հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն:

Այն նույն օրը, երբ Դավութօղլուն ժողովրդավարությանն աջակցելու մասին ելույթ էր ունենում` որպես ժողովրդավարական մահմեդական պետության օրինակ ներկայացնելով Թուրքիան, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր նոր զեկույցը Թուրքիայում մարդու իրավունքների մասին` լուրջ մտահոգություն հայտնելով հետզհետե վատթարացող իրավիճակի կապակցությամբ։

«Ռեջեփ Թայիփ էրդողանի և «Արդադրություն ու զարգացում կուսակցության» կառավարությունը հեռուն գնացող քայլեր է ձեռնարկում` թուլացնելու իրավունքի գերակայությունը, վերահսկողության տակ վերցնելու ինտերնետն ու մամուլը և ճնշելու հնչող քննադատությունն ու ընդդիմադիրներին: Թուրքիան դժվար թե Եվրոպային մերձենալու իր ջանքերում հաջողի, եթե շարունակի իր հետընթացը և քայլեր չձեռնարկի մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հարցում իրավիճակը փոխելու ուղղությամբ»,- ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Ուշագրավ է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմն առնելու անկարողության մեջ աշխարհին մեղադրում է Թուրքիայի վարչապետը, մի երկիր, որը ըստ ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկի` Washington Post-ի, մեծապես նպաստել է այդ խիստ ծայրահեղական կազմակերպության առաջխաղացմանը:

XS
SM
MD
LG