Մատչելիության հղումներ

Լոնդոնը որոշում է իսլամիստների դեմ պայքարին միանալու հարցը


F-18E Super Hornet մարտական ինքնաթիռը Սիրիա հասնելուց առաջ օդում վառելիք է ստանում KC-135 Stratotanker ինքնաթիռից, 23 սեպտեմբերի, 2014թ.
F-18E Super Hornet մարտական ինքնաթիռը Սիրիա հասնելուց առաջ օդում վառելիք է ստանում KC-135 Stratotanker ինքնաթիռից, 23 սեպտեմբերի, 2014թ.

ԱՄՆ-ը և դաշնակիցները 200 գրոհ են իրականացրել

Անցած գիշեր ամերիկացիների ղեկավարած ռազմական դաշինքը Սիրիայում` Դեյր էլ Զորի և Հասաքեհի նահանգներում օդային հարվածների է ենթարկել «Մահմեդական պետություն» անվամբ զինված կառույցի դիրքերը։ Վաղ առավոտյան էլ հրթիռակոծվել է Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող ալ-Մայադին ավանի արվարձանում իսլամիստների հրամանատարական կենտրոնը։

Ամերիկացիների և մի քանի արաբական երկրների կոալիցիան արդեն 4 օր է օդային գրոհներ անցկացնում։ Ընդհանուր հաշվով իրականացվել է մոտ 200 օդային հարված։ Այս ընթացքում սպանվել է առնվազն 140 զինյալ և 13 խաղաղ բնակիչ։

Ֆրանսիան իր հերթին Իրաքի հյուսիսային տարածքում է հրթիռակոծում «Մահմեդական պետության» հենակետերը։

«Պայքարը կտևի ոչ թե ամիսներ, այլ տարիներ»

Մինչդեռ, դաշինքին այսօր պետք է միանա եվրոպական հզոր ռազմական տերություններից ևս մեկը` Մեծ Բրիտանիան։ Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ակնկալում է, որ խորհրդարանը հավանություն կտա «Մահմեդական պետություն» կառույցի դիրքերին օդային հարվածներ հասցնելու կառավարության առաջարկին։

Ելույթ ունենալով օրենսդիրների առջև՝ Քեմերոնն ասել է, որ այդ պայքարը կարող է ոչ թե ամիսներ, այլ տարիներ տևել։

«Բայց ես հավատում եմ, որ մենք պետք է միանանք այդ առաքելությանը։ Կարծքում եմ, ճիշտ է, որ Ամերիկան, Բրիտանիան և այլ երկրներ չեն պատրաստվում ցամաքային ուժեր օգտագործել։ Անտեղ կլինի հետևակ, բայց դրանք կլինեն իրաքյան կամ քրդական ստորաբաժանումներ»,- հավաստիացրել է Քեմերոնը։

Ամերիկայում և Բրիտանիայում հանրությունն առանձնապես չէր սատարում այդ գործողություններին, սակայն ամերիկացի երկու լրագրողների և բրիտանական բարեգործական գրասենյակի մի աշխատակցի դաժան գլխատումը լուրջ ազդեցություն է գործել հասարակական կարծիքի վրա։

Այսօր արդեն Դանիան էլ է հայտնել օդային արշավին F-16 կործանիչներ տրամադրելու մասին, սակայն վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդթը նշել է, որ դրանք օժանդակ առաքելությամբ են մեկնելու և Սիրիայում ռմբահարման գործողություններին չեն մասնակցելու։

Բրիտանիայի հանրության համար մտահոգիչ ահազանգ էր այն, որ, ըստ հավաստի տվյալների, շուրջ 500 բրիտանացի է միացել է «Մահմեդական պետություն» կառույցին։

Եվրամիության հակաահաբեկչական վարչության հետախուզության տվյալներով, Սիրիայում իսլամիստների շարքերն ընդհանուր հաշվով համալրել է Եվրամիության երկրների ավելի քան 3 հազար քաղաքացի։

Եվրոպային էլ վտանգ է սպառնում

Այդ մասին ասել է հակաահաբեկչական պայքարի համակարգող Ժիլ դե Կերխոֆը։ Նա չի բացառել, որ արևմտյան և արաբական ուժերի համատեղ գործողությունները կարող են իսլամիստներին դրդեն ահաբեկչական հարձակումների հենց Եվրոպայում։

Դե Կերխոֆը Եվրախորհրդարանում սեպտեմբերի 24-ին ասել է, որ մահմեդական զինված խմբավորումներին միացած եվրոպացիները մայր ցամաք վերադառնալուց հետո կարող են արդեն Եվրոպայում արյունալի գործողություններ նախաձեռնել։

Ըստ վերլուծաբանների, իսլամիստներին սատարող եվրոպական երկրների քաղաքացիների մեծ մասը ծագումով իսլամ դավանող արաբական կամ ասիական երկրներից են, սակայն նրանց շարքերում կան բուն եվրոպական ընտանիքներում ծնված մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով որոշել են պայքարել Արևմուտքի և արևմտյան քաղաքակրթության դեմ։

Մոսկվան նույնպես մտահոգված է

Այսօր «Մահմեդական պետություն» կառույցից բխող վտանգի մասին է խոսել նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նրա փոխանցմամբ, «Մահմեդական պետության» զինյալների թիվը կարող է հասնել ընդհուպ 50 հազարի։ Նրանց թվում կան նաև ԱՊՀ երկրների քաղաքացիներ։

«Դա լուրջ ուժ է, որը, պատշաճ հակադարձություն չստանալով, կարող է ավերել աշխարհում ստեղծված միջպետական հարաբերությունների և անվտանգության համակարգը»,- ասել է Պատրուշևը։

XS
SM
MD
LG