Մատչելիության հղումներ

Բիլդտը հերքում է հրապարակումը, թե Սաակաշվիլիին աջակցել է գումարի դիմաց


Վրաստան - Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Թբիլիսիում, հունիս, 2014թ․
Վրաստան - Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Թբիլիսիում, հունիս, 2014թ․

«Դա կատարյալ հիմարություն է», - պնդում է Շվեդիայի արտգործնախարարը՝ Վրաստանի գործող իշխանություններին խորհուրդ տալով փաստեր ներկայացնել:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հերքում է մամուլում հայտնված տեղեկությունները, թե ինքը ավելի քան 2 միլիոն դոլար է ստացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունից` եվրոպական կառույցներում վրացական իշխանությունների տեսակետը առաջ տանելու համար:

«Դա կատարյալ հիմարություն է: Եթե Վրաստանի գործող իշխանությունները նման փաստեր ունեն, թող պաշտոնապես ներկայացնեն դրանք: Առայժմ նրանք ինձ նման հարցերով չեն դիմել», - հայտարարել է Բիլդտը:

Շվեդական արտգործնախարարության ղեկավարի շուրջ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմում լույս տեսնող Aftonbladet թերթն անդրադարձավ PR ծառայություններ մատուցող KREAB ընկերության գործունեությանը: Թերթի տեղեկություններով՝ մինչև 2006 թվականի հոկտեմբերին շվեդական արտգործնախարարության ղեկավարի պաշտոնում նշանակվելը KREAB-ի տնօրենն էր Կարլ Բիլդտը: Այս պաշտոնում աշխատանքի վերջին ամիսներին Բիլդտի ղեկավարած PR ընկերությունը պայմանագիր է կնքում Վրաստանի կառավարության հետ` պարտավորվելով խորհրդատվական ծառայություններ մատուցել: «Բիլդտի արտգործնախարար դառնալուց հետո, սակայն, այդ պայմանագիրն այդպես էլ չդադարեցվեց», - գրում է Aftonbladet-ը՝ տեղեկացնելով, որ 2006-ի դեկտեմբերից մինչև 2007-ի դեկտեմբերն ընկած 12 ամիսներին վրացական կառավարությունը 14 փոխանցում է կատարել KREAB-ի հաշվեհամարին, դրանց ընդհանուր ծավալը կազմել է 2 միլիոն 600 հազար դոլար:

Սաակաշվիլիի իշխանության տարիներին ընդդիմության ղեկավարներից մեկը հանդիսացած Գեորգի Խաինդրավան, ում ջանքերով էլ գաղտնազերծվել են վրացական կառավարության արխիվում գտնվող այս փաստաթղթերը, ասել է․ - «Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է: Համոզված եմ, որ այս գումարների դիմաց Բիլդտը միջազգային ասպարեզում աջակցել է Սաակաշվիլիին»:

Շվեդական թերթը ևս հակված է այս վարկածին: «Արտգործնախարարի պաշտոնում Բիլդտը 14 անգամ պաշտոնական այցերով մեկնել է այդ փոքրիկ հանրապետություն», - գրում է Aftonbladet-ը՝ հավելելով․ - «Իսկ երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Թբիլիսիում Շվեդիայի դեսպան Հանս-Գունար Ադենը իր զեկույցում նշեց հնարավոր ընտրախախտումների մասին, նրան տեղափոխեցին այլ աշխատանքի»:

Նման քայլի պատճառը, ըստ շվեդական թերթի, այն էր, որ դեսպանի տեսակետը հակասում էր Բիլդտի` վրացական ընտրություններին տված գնահատականին: «Այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ չպետք է դրվեն», - 2008-ի հունվարին Սաակաշվիլիի վերընտրությունից հետո իր անձնական բլոգում գրել էր Կարլ Բիլդտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG