Աշտարակի ավագանու նիստն արդեն երկրորդ անգամ է տապալվում քաղաքի կենտրոնական հատվածներից մեկի օտարման հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով:
Խնդիրը երկու ճամբարի է բաժանել 15 հոգանոց ավագանուն: 7-ը մեկ անգամ արդեն դեմ են քվեարկել 1320 քառակուսի մետր տարածքի օտարմանը՝ կասկածներ ունենալով, որ այստեղ կառուցելու է խոշոր գազալցակայան՝ վտանգի տակ դնելով հարևանությամբ գտնվող բնակելի շենքերն ու վերակառուցվող մարզադպրոցը:
Դեմ քվեարկած ավագանու անդամ Կարեն Շահազիզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հարցն օրակարգում է ընդգրկվում արդեն երկրորդ անգամ, մինչդեռ քաղաքապետը մինչև օրս ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է գազալցակայանի կառուցման մասին տեղեկությունը:
«Եթե այնտեղ մի հոյակերտ քանդակ դրվեր, որևէ մեկը չէր ընդդիմանա, կամ ի օգուտ մեր ժողովրդի որևէ քայլ արվեր, բնականաբար, բոլորս կուղղորդեինք մեր միտքը, մեր խոսքը, որպեսզի դա կառուցվի: Մենք միայն կողմ ենք մեր քաղաքի շենացմանը և մտածել, թե Աշտարակում կարելի է նորից բիզնես դնել, այն էլ բանուկ մասում, դա ես չեմ ընդունում», - նշեց Կարեն Շահազիզյանը:
Ավագանու անդամները նշում էին, որ աշտարակցիները երկար են սպասել վերակառուցվող մարզադպրոցի բացմանը, և գազալցակայան կառուցել մի վայրում, որտեղ առավոտից երեկո երեխաներ են վազվզելու, անթույլատրելի է:
«Քաղաքապետին, ավագանու մյուս անդամներին բացատրել ենք դա, սակայն ասում են, թե վտանգավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ավագանու անդամ Անդրանիկ Ծատուրյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների փոխանցմամբ, սահմանված նորմերի համաձայն՝ գազալցակայանի կառուցումը թույլ է տրվում միայն այն դեպքում, եթե այն գտվում է բնակելի շենքից, կրթական օջախց առնվազն 70 մետր հեռավորության վրա:
Այցելելով տարածք՝ «Ազատության» տեսախցիկն արձանագրեց, որ բնակելի շենքերն ու վերակառուցվող դպրոցը վիճահարույց հողատարածքից ընդամենը մի քանի քայլ է բաժանում: Գազալցակայանի կառուցմանն ընդդիմացող ավագանու անդամներն ասում էին, թե դեմ չեն բիզնես ծրագրերին, բայց առաջարկում էին դրանք ամայի տարածքներ տեղափոխել, որոնք, իրենց խոսքով, Աշտարակում քիչ չեն:
Ավագանու անդամները կարծում են, որ քաղաքապետը շահագրգռված է, որպեսզի այս հարցին արագ լուծում տրվի, և այդ էր պատճառը, որ երեկ ավագանու նիստի ժամանակ իրենցից մեկը միտումնավոր դուրս է եկել դահլիճից՝ քվորում չապահովելու նպատակով:
Աշտարակում վերջին ամիսներին գրեթե ամեն օր քննարկվող այս հարցի շուրջ մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև քաղաքապետ Արմեն Անտոնյանից: Վերջինս, սակայն, հրաժարվեց հարցազրույցից:
Երբ քաղաքապետարանում փորձեցինք ճշտել, թե երբ է անցկացվելու ավագանու հաջորդ նիստը, պարզվեց՝ օրը դեռևս որոշված չէ: