Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։
Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը թարգմանիչ է հրավիրել՝ առերևույթ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հարցաքննելու համար։
«Թարգմանչի ու պաշտպանի մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է կասկածյալներին, կատարել առերեսումներ, իսկ սեպտեմբերի 22-ին առաջարկել է պաշտպանին և թարգմանչին ներկա գտնվել կասկածյալի բնակարանի խուզարկությանը։ Թարգմանիչը, տեղյակ լինելով նախատեսված խուզարկությանը, ըստ քննության տվյալների, իր բջջային հեռախոսահամարից տեքստային հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը՝ նախապես տեղեկացնելով խուզարկության մասին։ Թարգմանիչը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է։