Մատչելիության հղումներ

Հայաստանը պաշտպանում է Կաթողիկոսարանի հայցն ընդդեմ Թուրքիայի


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների հետ:

Հայտարարելով, որ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների նկատմամբ անտարբեր մնալը համազոր է ազգային դավաճանության՝ Կաթողիկոսը կոչ արեց հայերին ցեղասպանության հարցերը դուրս բերել ցեղասպանության ճանաչման և դատապարտման նեղ շրջանակներից և հեռու մնալ այն մտածելակերպից, թե Ցեղասպանության ճանաչումը Հայ դատի վերջնական նպատակն է: Ելնելով այն համոզմունքից, որ եկել է Թուրքիայից հայկական պահանջները իրավական դաշտ փոխադրելու ժամանակը, Վեհափառը հայտարարեց, որ Կիլիկիո Աթոռը մոտ ժամանակներս հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել իր պատմական կենտրոնը՝ Սիսի կաթողիկոսարանը: Կաթողիկոսն ասաց, որ եթե թուրքական դատարանը մերժի դատը, ինչը հնարավոր է, ապա Կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ հիշյալ դատն անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքների վերադարձի թղթապանակին:

Թեպետ սա շատ լավ լուր է բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ առաջարկում էին Թուրքիայի դեմ դատ բացել, սակայն նման դատավարությունները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ բարձրակարգ միջազգային իրավաբանների կողմից: Ընդ որում, անկախ այն բանից, թե որքան արդար է մեր դատը, ոչ ոք չի կարող դրական արդյունք երաշխավորել դատարանում՝ հաշվի առնելով արտաքին տարբեր ազդեցությունները դատարանների վրա և ընթացակարգերի օգտագործումը որպես արդարացում՝ 100 տարվա վաղեմություն ունեցող գանգատը մերժելու համար:

Իր ելույթում Կաթողիկոսն ակնարկեց որոշ խոչընդոտների մասին, ընդունելով, որ «միջազգային օրենքներն այնքան էլ նպաստավոր չեն մեր դատի համար»: Ավելի մտահոգիչ է, որ նա կարծես թե հաշվի չի առնում նման դատական գործը տանուլ տալու դեպքում դրա կործանարար հետևանքները Հայ դատի վրա, պնդելով, որ «եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»:

Թուրքիայի կառավարությունը, անշուշտ, կշահարկի նման բացասական վճիռը՝ ամբողջ աշխարհում խեղաթյուրելով իր հաղթանակը որպես Հայոց ցեղասպանության բոլոր պահանջների մերժում:

Կաթողիկոսարանի նախաձեռնությունից դուրս, Վեհափառը կոչ արեց Հայաստանի կառավարությանը՝ Թուրքիայի դեմ իր սեփական հայցը ներկայացնել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան), որտեղ միայն պետությունները դատ բացելու իրավունք ունեն: Անցյալ տարի, Սփյուռքի նախարարության կազմակերպությամբ հայ իրավաբանների միջազգային համաժողովում ձևավորվեց աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ ուսումնասիրելու Թուրքիայի դեմ Համաշխարհային դատարանում հայց ներկայացնելու իրավական հետևանքները: Աշխատանքային խումբը զանազան իրավական տարբերակներ է ուսումնասիրում` որոշելու, թե որոնք են պիտանի Հայաստանի Հանրապետության համար:

Հաշվի առնելով Հայաստանի կառավարության զգուշավոր մոտեցումը Թուրքիային դատի տալու հարցում, միանգամայն զարմանալի էր, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երբ լրագրողը հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչպես է արձագանքում Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու լուրին, նա խանդավառությամբ և առանց վարանելու պատասխանեց, որ «դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Պետք է միայն պաշտպանել նման կարևոր նախաձեռնությունը»:

Զուգադիպությամբ, համաժողովի մասնակիցներին բաժանվեցին՝ «Արդարացի լուծում. հատուցում Հայոց ցեղասպանության համար» խորագիրը կրող ծավալուն զեկույցի ամփոփագիրն ու ներածականը: Զեկույցը պատրաստվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության սկզբնական ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանության հատուցումը ուսումնասիրող խմբի կողմից, որի անդամներն են՝ Ալֆրեդ դե Զայասը, Ջերմեյն Օ. ՄըքՔալփինը, Արա Պապյանը և Հենրի Թերիոն: Ջորջ Աղջայանը եղել է խորհրդատու: Ծավալուն զեկույցը հատուցման հարցը քննարկում է իրավական, պատմական և բարոյական տեսանկյուններից:

Պարզ է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին մի շարք լուրջ աշխատանքներ են տարվում տարբեր դատարանների միջոցով արդարություն պահանջելու 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած ահռելի մարդկային և նյութական կորուստների համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG