Մատչելիության հղումներ

Սիրիայի հայաշատ մի շարք համայնքները դատարկվել են


Ռեիսյան.«Իսլամիստների թիրախում են նաև սիրիահայերը»
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Սիրիայի երբեմնի մոտ հարյուրհազարանոց հայկական համայնքից այսօր տարբեր հաշվարկներով մնացել է 20-30 հազար մարդ:

Սիրիայի հայաշատ համայնքներից տեղահանվածներից շատերն ապաստանել են Սիրիայի քիչ թե շատ ապահով համարվող բնակավայրերում։ Սիրիայից չեն հեռացել հիմնականում այն ընտանիքները, որոնք բավարար միջոցներ չունեն։

Այս օրերին Երևանում է Հալեպի հայկական համայնքի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը։ «Ազատության» հետ զրույցում նա թվարկեց Սիրիայի մի շարք խոշոր հայաշատ գյուղեր, օրինակ՝ Արամոն, Ղնեմիեն, որոնք ամբողջովին հայաթափ են եղել ու ներկայումս գտնվում են ապստամբների ու ահաբեկիչների հսկողության տակ։

Հայերն ապրում էին ու այժմ փախել են նաև Ռաքքայից, որն այսօր «Իսլամական պետություն» խմբավորումը հռչակել է իր մայրաքաղաքը: Շատ սիրիահայեր հեռացել են նաև Դամասկոսից, շրջակա արվարձաններից ու գյուղերից։ Մարդիկ թողնում են տներն ու ունեցվածքը։

Անշարժ գույքը վաճառելն այնտեղ անիրատեսական է, իսկ տեղափոխել ամեն ինչ չէ, որ հնարավոր է։ Մեծ թվով հայեր տեղափոխվել են ծովեզրյա շրջաններ, մասնավորապես Լաթաքիա, իսկ Հալեպը շարունակում է մնալ հայաշատ քաղաք, որի որոշ շրջաններ այսօր նույնպես ապստամբների տնօրինության տակ են։

«Երթևեկություն էլ կա, սակայն շատ ճանապարհներ փակ են, բնական վիճակ չէ, սակայն մարդիկ անբնականության մեջ փորձում են իրենց կյանքը բնականացնել», - ասաց Ռեիսյանը:

Ըստ Սփյուռքի նախարարության՝ Սիրիայից հեռացած հայերից միայն 12 հազարն է եկել Հայաստան: Երկրից հեռացած մյուս հայերը կա՛մ ժամանակավոր տեղավորվել են Լիբանանում, կա՛մ հեռացել աշխարհի տարբեր երկրներ։ Ժիրայր Ռեիսյանն ասում է, որ սիրիահայերի մեծ մասը դեռևս հույս ունի տուն վերադառնալ, երբ երկրում խաղաղություն հաստատվի և իշխանությունն էլ չհայտնվի ծայրահեղականների ձեռքում։

Ռեիսյանը վստահ է, որ շատ սիրիահայեր կցանկանային երկրորդ կյանք սկսել հենց Հայաստանում: Պարզապես Հայաստան տեղափոխվելն ու այստեղ կյանք սկսելը թանկ հաճույք է․ - «Գիտենք, որ հարուստ հայրենիք չունենք, սակայն փափագում ենք, որ այստեղ որոշ պայմաններ ստեղծվեն սիրիահայերի համար՝ հարկային ժամանակավոր արտոնություններ բիզնես սկսելու համար և երկարաժամկետ վարկերով տուն»:

Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու համար Երևան եկած սիրիահայերը հենց այս խնդրանքն են ներկայացրել Հայաստանի իշխանություններին: Դեռևս նրանց պահանջին արձագանք չկա։

Մինչ այդ, Սիրիայում շարունակվում են ավերածությունները, ընդդիմադիրների պայքարը վաղուց դուրս է եկել տրամաբանության սահմաններից․ - «Ընդդիմադիրը տվյալ երկրի մարդն է, իր սկզբունքներն ունի և կարող է հակադրվել իշխող կողմին, բայց այլ երկրի մարդը ի՞նչ գործ ունի և ո՞ւմ է հակադրվում»:

Երեկ Սիրիայի լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ Դեյր էլ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին հիմնովին ավերվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից։ Ժիրայր Ռեիսյանը, սակայն, ասում է, որ քանի դեռ դա փաստող տեսագրություն չկա, ինքը չի շտապում հավատալ լուրերին։ Սրբոց Նահատակաց եկեղեցում հանգչում են Դեր Զորի անապատից այստեղ բերված ցեղասպանության զոհերի մասունքները։ Այն ապրիլի 24-ին ուխտավայր է Սիրիայից և այլ երկրներից ժամանող հայերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG