Մատչելիության հղումներ

Լուգանսկից Հայաստան փախած ընտանիքը հազիվ է «գոյատևում»


Լուգանսկից Հայաստան փախած ընտանիքը հազիվ է «գոյատևում»
please wait

No media source currently available

0:00 0:00:31 0:00

Լուգանսկից Հայաստան փախած ընտանիքը հազիվ է «գոյատևում»

Սփյուռքի նախարարության փոխանցմամբ՝ Ուկրաինայից փախչող հայերին աջակցելու համար հստակ ծրագիր ու ֆինանսավորում դեռևս չկա:

Ուկրաինայի Լուգանսկի մարզից Երևան փախած Նախոյանների ընտանիքը հույս ուներ, որ 5 անչափահաս երեխաների հետ վերադառնալով հայրենիք, իրենց հայրական տուն՝ կկարողանա պաշտպանվել Ուկրաինայում սկսված պատերազմի ականներից, կրակոցներից և անընդհատ իրենց հետապնդող տագնապից:

Հայրենի տան 21 տարվա հնության կողպեքը ջարդված էր: Տան բնակիչներն էլ խոզերն ու հավերն էին: Ազգականները, հարևանները ամենևին չէին սպասում պատերազմից փախած հարազատներին:

Արտյոմ Նախոյանի մայրը՝ Օլյա Նախոյանը արցունքներն աչքերին պատմում էր, թե ինչպես են նստել մեքենա ու փախել՝ առանց իրերի, առանց ապագայի մասին մտածելու: Նպատակը միայն փրկվելն էր:

Խոզերին արդեն քշել են տանից ու այժմ փորձում են այդ խղճուկ կացարանին տան տեսք տալ, որպեսզի գոնե հնարավոր լինի այնտեղ բնակվել: Ապրելու միջոց չունեն: Տան տղամարդիկ՝ տիկին Օլյայի ամուսինն ու որդին հարևանությամբ ընթացող շինարարությանն են միացել՝ քար են կտրում, որ հացի փող աշխատեն:

Մինչև օրս սարսափով են հիշում իրենց բնակավայրում տեղի ունեցածը: Ուկրաինուհի հարսը՝ Էլլան, պատմում էր, որ պատերազմական գործողությունների ժամանակ իրենց ավտոտնակում փորձել են զրահամեքենա և զենք պահել: Որոշ ընտանիքների նույնսիկ 30 րոպե ժամանակ են տվել՝ իրերը հավաքելու և տարածքն ազատելու համար՝ սպառանալով հակառակ դեպքում կրակ բացել:

Հայաստան փախչելու որոշումը կայացրեցին այն օրը, երբ փոքրիկ Օլյան հազիվ փրկվեց ականի պայթյունի զոհը դառնալուց:

«Առաջին պայթյունը լսեցի, երբ եկեղեցում էի: Տուն եկա, տեսա ամուսինս թոռնիկիս գետնին է պառկեցրել և մարմնով փակել նրան: Դրանից հետո արդեն նկուղում էինք պատսպարվում: Սարսափելի էր»: Տատիկի պնդմամբ՝ երեխան այդ օրվանից կակազում է: Ընտանիքի ավագ զավակը՝ 12-ամյա Միքայելն էլ Ուկրաինայի մասին խոսելիս անընդհատ կրկնում է՝ «կարմիր է, ամեն ինչ կարմիր է»:

Նախոյանների ընտանիքը Լուգանսկում ռուս անջատականներին է աջակցել: Ընտանիքը մասնակցել է հանրաքվեին ու վստահեցնում է, որ արևմտամետ ուժերը քաղաքական հետապնդում էին սկսել ընտանիքի տղամարդկանց նկատմամբ: Այդ իսկ պատճառով, անգամ եթե պատերազմը ավարտվի, չեն պատրաստվում վերադառնալ՝ «կա՛մ կսպանեն, կա՛մ այստեղ Հայաստանում կապրենք»:

Նախոյանների ընտանիքը տեղյակ չէ, թե ինչ վիճակում է այժմ Ուկրաինայում գտնվող իրենց տունը: Հարևաններն էլ են փախել:

«Գոյատևում ենք, չենք ապրում», - «Ազատության» հետ զրույցում ասում էր Էլլան՝ հիշելով, թե ինչ հրաշալի պայմաններում է ապրել Ուկրաինայում: Աշխատանք է ունեցել, «մեծ , գեղեցիկ տուն», սեփական կոսմետիկական սրահ, իսկ այսօր, շուրջ բոլորը նայելով, լացը մի կերպ է զսպում, երբ հասկանում է, որ ստիպված է համակերպվել ու նախկին խոզանոցը տուն դարձնել:

Սփյուռքի ու Կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ երեխաները Երևանում արդեն դպրոց ու մանկապարտեզ են հաճախում, բայց ևս մեկ շատ լուրջ խնդիր ունեն․ ինը ամսական Եվան սրտի բնածին արատ ունի և դեռևս հնարավորություն չունեն Երևանում նրան հետազոտելու: Խոստացել են՝ օգնել: Դեռ սպասում են:

Ուկրաինայից Հայաստան եկած 27 ընտանիք ապաստան է խնդրել

Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք նաև, որ ուկրաինական պատերազմից փախչելու և Հայաստանում ապաստան գտնելու նպատակով մինչ այժմ նախարարություն 27 ընտանիք ՝ ընդհանուր առմամբ 97 մարդ է դիմել: Նախարարության ԱՊՀ-ի հայ համայնքների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Էդգար Հովսեփյանն ասաց, որ փորձում են հնարավորությունների սահմաններում բոլորին էլ օգնել՝ սննդով, աշխատանքով:

«Մեզ հիմնականում դիմում են ամենակարիքավոր ընտանիքները, ովքեր ուղղակի իրենց մեքենան են նստել փախել, ոչինչ հետները չեն վերցրել: Գումար չունեն, նույնիսկ շոր չունեն հագնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

Այդուհանդերձ, պետությունը Ուկրաինայից փախչող մեր հայրենակիցներին աջակցելու համար հստակ ծրագրեր ու ֆինանսավորում դեռևս չունի:

«Կոնկրետ Ուկրաինայի համար գումար տրամադրված չի», - նշեց Սփյուռքի նախարարության պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG