Մատչելիության հղումներ

Նախարարը Հայաստանի համար առաջատար դիրքեր խոստացավ համաշխարհային տնտեսությունում


Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, արխիվ
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, արխիվ

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում այս տարի արդյունաբերությունը անկում է ապրել:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 2.8 տոկոսով:

Այս տվյալը ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց, թե 2009-ի ավելի քան 14 տոկոսանոց անկման գլխավոր պատճառը «շինարարական փուչիկն էր»: Այսինքն, Հայաստանի տնտեսությունում անթույլատրելի մեծ չափաբաժին էր կազմում շինարարության ոլորտը, և այդ ոլորտում անկումն իր հետևից տարավ ողջ տնտեսությունը:

Ապագայում նման իրավիճակից խուսափելու համար որոշվեց դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը, և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Կառավարությունը մշակեց ու 2011-ին հաստատեց «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»:

«Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է լինելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը», - կարդում ենք փաստաթղթի սկզբում:

Կառավարությունը անգամ թվեր հրապարակեց: Արդյունաբերության աճը այնքան արագ պետք է լիներ, որ մինչև 2015 թվականն արտահանումը կրկնապատկվելու էր՝ հասնելով մոտ 2 միլիարդ դոլարի, իսկ 2020-ին եռապատկվելու էր՝ հատելով 3 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Այսօր էլ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խոստացավ Հայաստանի համար առաջատար դիրքեր ապահովել համաշխարհային տնտեսությունում:

«Հայաստանի կառավարությունը իր առջև նպատակ է դրել Հայաստանը ժամանակակից համաշխարհային տնտեսությանը և տարածաշրջանային զարգացումներում առաջատար դիրքեր ապահովել: Այստեղ բավարար ներուժ կա», - հայտարարեց Ճշմարիտյանը:

Նախարարը այս մասին խոսեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության այսօր Երևանում հրավիրած միջոցառմանը: Օգտվելով առիթից՝ Ճշմարիտյանին խնդրեցինք մեկնաբանել օգոստոսին գրանցված արդյունաբերական անկումը:

«Էդ մի ամսով անկումը, կամ տաս օրով անկումը հատկանշական չի: Արդյունաբերության տեմպերը ինձ չեն գոհացնում, սակայն ազդող գործոններ կան, որոնց հետևանքով անցյալ տարվա, էսպես ասած, անվանական աճը ավելի մեծ է, բայց գոյություն ունեցող գնաճի պայմաններում համադրելի աճը դառնում է ավելի փոքր: Տնտեսության մեջ մի գործոնով որևէ հարցին պատասխանել կամ դրան ամբողջական վերլուծություն տալ չի կարելի», - ընդգծեց Ճշմարիտյանը:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում արդյունաբերության անկումը բացատրեց Հայաստանի տնտեսությունում առկա համակարգային խնդիրներով:

«Տնտեսությունը միայն ցանկություններ չի, տնտեսությունը պահանջում է նաև խաղի կանոններ, իսկ էդ խաղի կանոնները չեն փոխվում մեր երկրում տարիներ շարունակ: Ես ի նկատի ունեմ տնտեսվարողների համար հավասար պայմաններ: Իսկ քանի որ այդ հավասար պայմանները չկան, որևիցե մեկը չի փորձում Հայաստանում ներդրումներ կատարել արդյունաբերության բնագավառում կամ որևէ մեկ այլ ճյուղում, որպեսզի դրանից էլ փոխվի ամբողջ ճյուղային կառուցվածքը», - նշեց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG