Մատչելիության հղումներ

Խաչիկյան․ Ղարաբաղի միջազգային ճանաչումը առաջնահերթություն է Հայ դատի համար


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործն այլևս առաջնահերթություն է իրենց կառույցի համար:

«Սա Ձեր կազմակերպության նոր օրակա՞րգն է, որքանո՞վ եք Դուք կարևորում սա: Միացյալ Նահանգները կարո՞ղ է մի օր ճանաչել Ղարաբաղի անկախությունը», - այս հարցին Քեն Խաչիկյանը պատասխանեց․ - «Շատ ենք կարևորում և հույս ունենք: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 43 նահանգներ: Եվ, հավանաբար, կես դյուժին նահանգներ ճանաչել են Ղարաբաղի անկախությունը՝ դրանց թվում են Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, մի քանի շաբաթ առաջ էլ՝ Կալիֆորնիան: Մենք շարունակում ենք աշխատանք տանել նահանգային մակարդակում՝ Հայ դատի տեղական կազմակերպությունների միջոցով, որոնք ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ: Այնպես որ, այո, սա մեզ համար առաջնահերթ խնդիր է, և ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ողջ աշխարհում: Ես ձեզ նաև մեկ նորություն կասեմ՝ պետք է արժանին մատուցել Բրյուսելի մեր գործընկերներին, Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ քննադատելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Դա այսօր է տեղի ունեցել, և դա նախաձեռնել է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը»:

Գնահատելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած արտաքին սպառնալիքները, անցած օգոստոսին արձանագրված զինված բախումները, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանի դաշնակիցներից մեկն այս ընթացքում մեծապես աջակցել է Ադրբեջանին, Խաչիկյանը նշում է․ - «Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, մեր օրակարգի առաջնային կետերից է: Եվ ես կարծում եմ, որ սա մի թեմա է, որի շուրջ մենք Հայաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատանք ենք տանում: Արևմտյան տերությունների ձախողումը՝ Ադրբեջանի ագրեսիան սանձելու հարցում, պարզապես աններելի է, և շատ հիասթափեցնող: Նրանք սկսել են գալ այն գիտակցությանը, որ դրան պետք է վերջ դնել, բայց նրանց այս հավասարակշիռ հայտարարությունները՝ թե կողմերը պետք է զերծ մնան ագրեսիայից, անհեթեթություն է: Ադրբեջանը կանոնավոր կերպով, շաբաթական հարյուրավոր անգամներ խախտում է հրադադարը, և նրանց պետք է պատասխանատվության կանչել դրա համար: Անցած 60 տարիների ընթացքում տառացիորեն 100 նոր երկիր է միացել Միացյալ ազգերի կազմակերպությանը: ՄԱԿ-ի անդամների թիվը 100-ից հասել է շուրջ 200-ի: Որտեղի՞ց են հայտնվել այդ 100 նոր երկրները՝ նրանք բոլորն էլ առաջացել են ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ՝ քանի որ մարդիկ ցանկացել են իրենք կառավարել իրենց: Այնպես որ Լեռնային Ղարաբաղի հայերը պարզապես արտահայտում են իրենց կամքը ճիշտ այնպես, ինչպես շուրջ 100 այլ երկրների ժողովուրդներն են արել: Եվ դա շարունակվելու է, մենք շարունակելու ենք տեսնել նման օրինակներ ողջ աշխարհում՝ Լեռնային Ղարաբաղում, Շոտլանդիայում, Բասկերի երկրում և այլուր: Ես չգիտեմ, թե այդ ժողովուրդները յուրաքանչյուր դեպքում ի՞նչ որոշում կկայացնեն, բայց նրանք դրա իրավունքն ունեն: Եվ Լեռնային Ղարաբաղի հայերն էլ, անշուշտ, ունեն դրա իրավունքը և որևէ հնարավոր չէ այս առումով որևէ այլ դիրքորոշում որդեգրել»:

Դիտարկմանը, որ թուրքերն օգնում են ադրբեջանցիներին, անգամ զենք են տրամադրում, Քեն Խաչիկյանն արձագանքում է․ - «Այո, իհարկե: Ծիծաղելի է, երբ փորձ է արվում Թուրքիային ներկայացնել որպես այս միջնորդ այս գործընթացում: Մինսկի խմբում ներգրավված են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, որոնք բոլորն էլ հզոր տերություններ են, և ներկայացնում են կողմերի շահերն ու փորձում են միջնորդել, որպեսզի այս հակամարտությունը հանգուցալուծվի: Մի շարք դեպքերում հայերն ընդունել են միջնորդների ներկայացրած առաջարկները՝ գնացել են զիջումների, սակայն ադրբեջանցիները հրաժարվել են փոխզիջման գնալ: Հայերը երբեք ետ չեն վերադարձնի իրենց տարածքները, ետ չեն քաշվի այդ սահմաններից, և ադրբեջանցիների ու թուրքերի հույսերը, թե այդ հողը երբևէ ետ կվերադարձվի իրենց, պարզապես դատարկ երազ է: Ստալինը կամայականորեն վերաբաժանել է այդ հողը, և դա որևէ պատմական հիմք չուներ: Ընդհակառակը, հազարավոր տարիների հնություն ունեցող վկայությունները հուշում են, որ հայերը ապրել են այդ տարածքներում: Լեռնային Ղարաբաղի անկախության տարիներին էլ հայերը այդ տարածքում կազմում էին բնակչության 95 տոկոսը: Այն միտքը, թե ադրբեջանցիները ինչ-որ իրավունք ունեն իշխելու այս տարածքում, բացարձակ հիմարություն է, զուրկ է որևէ հիմքից՝ թե՛ պատմական, թե՛ փաստական, և թե՛ որևէ արդարացումից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG