Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը 2015-ին կայցելի Հայաստան


Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան 2015 թվականին հրավիրել այցելել Հայաստան։

Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հայաստանի նախագահը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG