Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու․ «Ղարաբաղյան կարգավորումը առաջնահերթություն է»


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ռոբերտ Սիքյութա, արխիվ

«Ես կաջակցեմ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի ջանքերին», - Սենատի հանձնաժողովում հայտարարել է Ռոբերտ Սիքյութան:

Կովկասի ավելի անվտանգ ու բարգավաճ ապագայի համար այսօր առավել մեծ առաջնահերթություն չկա, քան Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածու Ռոբերտ Սիքյութան չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել բոլոր կողմերին, բանակցային ճանապարհով հասնելու հաստատուն կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության և համապատասխան փաստաթղթերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ներառյալ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքները, ասել է դիվանագետը:

Ռոբերտ Սիքյութան նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մեծ ջանքեր են գործադրել՝ աջակցելու կարգավորմանը:

Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սեպտեմբերի 4-ին պետքարտուղար Քերրին հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ քննարկելով խաղաղ բանակցությունները առաջ մղելու հնարավորությունները:

«Մենք հրապարակայնորեն քաջալերել ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին նրանց կարևոր քայլերի համար և կոչ ենք անում շարունակել կարգավորման տարրերի քննարկումները: Այդ հանդիպումները պետք է շարունակվեն, քանի որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը երկարատև խաղաղություն ու կայունություն կհաստատի տարածաշրջանում», - հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն՝ հավելելով, որ եթե իր թեկնածությունը հաստատվի, ապա ինքը կշարունակի ամենաբարձր մակարդակներով աջակցել վարչակազմի հանձնառությանը՝ հասնելու այդ նպատակին: «Ես կաջակցեմ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի ջանքերին, մենք սերտորեն, կողք-կողքի աշխատում ենք հասնելու կարգավորմանը», - ասել է նա:

Մինչ Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադառնալը Ռոբերտ Սիքյութան նշել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև 22 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց ի վեր ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ աշխատել է հավասարապես կարևոր երեք ուղղություններով՝ անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարության: Իր խոսքում նա համառոտ անդրադարձել է նշված ոլորտներից յուրաքանչյուրին:

Ռոբերտ Սիքյութայի ելույթի գրավոր տեքստում նաև նշված է, որ այս ամսվա վերջին Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի միջև ուղիղ ավիաչվերթ է բացվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG