Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյան. Տնտեսության զարգացման համար պայմաններ չեն ստեղծվել


Գործարար. Տնտեսության որակական զարգացման համար պայմաններ չեն ստեղծվել
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսքով, Հայաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամում և չի կարող զարգանալ, մինչև չլուծվի գլխավոր խնդիրներից մեկը՝ մենաշնորհների առկայությունը:

«Հայաստանի տնտեսությունը միշտ ճգնաժամի մեջ է, որովհետև ես էդ 4.1 տոկոս աճին, մյուս աճերին չեմ վստահում։ Հայաստանը ոչ մի թռիչքային աճ չի ապահովել, որ մենք տեսնեինք նոր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք սկսել են մրցունակ լինել և դրանց ապրանքի X տոկոսը իրացվել է ՀՀ տարածքում, մնացածը արտահանվել է այնպիսի երկրներ, որոնք բաց են և ամբողջ աշխարհից նույն ապրանքից են ներմուծում»,- այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց Հայաստանի խոշոր գործարարներից մեկը։

Այն, որ տնտեսությունում գործերը մեղմ ասած լավ չեն, հուշում են անգամ պաշտոնական թվերը: Եթե անցած տարվա վերջին կազմված 2014-ի պետբյուջեով նախատեսված էր ապահովել 5.2 տոկոս տնտեսական աճ, ապա կառավարության փոփոխությունից հետո Հովիկ Աբրահամյանը խոստացավ այս տարի ապահովել ընդամենը 4 տոկոս աճ: Օգոստոսի վերջին Կենտրոնական բանկը էլ ավելի իջեցրեց այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը՝ չբացառելով, որ այն կարող է կազմել 3.6 տոկոս։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ հեղինակավոր Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով 2.1 տոկոսի։

Քանի դեռ կան մենաշնորհները, տնտեսությունը չի կարող զարգանալ

«Չնայած շատ կազմակերպություններ ինչ-որ արդյունքներ գրանցել են զարգացման գործում, սակայն մինչ օրս Հայաստանում չեն ստեղծվել պայմաններ տնտեսության որակական զարգացման համար»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը.- «Միանշանակ մենաշնորհները շատ վատ անդրադարձ են ունենում ոչ միայն այսօր, բոլոր ժամանակներում, ես կարծում եմ, դա հիմնական խնդիրներից մեկն է՝ նախ մթնոլորտի ձևավորման առումով, երկրորդ՝ վստահության համար, որովհետև շատ մեծ վստահություն է պետք, որ երկրում գնան, ներդրում կատարեն, երրորդը՝ ինչու չէ տեղական արտադրողները նույնպես որոշակի վախ են ունենում, հաշվարկները ավելի խորն են անում, զգուշավոր են մոտենում։ Զգուշավոր մոտեցումը նույնպես բերում է չզարգացման»։

Անցած նոյեմբերին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Իսկ այս սեպտեմբերի սկզբին լույս տեսած Համաշխարհային մրցունակության զեկույցը պնդում է, որ նախորդ մեկ տարում Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարը վատացել է: Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները շարունակում են հավաստիացնել, որ պայքարում են մենաշնորհների դեմ:

«Այդ բացատրությունները ես այլ կերպ եմ ընդունում, եթե ցանկություն լինի, շատ կարճ ժամանակում կարող են այդ ամեն ինչը վերացնել։ Ես տեղաշարժեր չեմ տեսնում, դա անելու համար քաղաքական կամք է պետք։ Ես կարծում եմ՝ մինչև քաղաքական համակարգի փոփոխություն չլինի, դա չի լինի»,- ընդգծեց Սուքիասյանը:

Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի ներքին խնդիրներին գալիս են գումարվելու արտաքին մարտահրավերները: Գործարարը բացասական հետևանքներ է սպասում Եվրասիական միություն շտապող Հայաստանի համար, քանի որ միության առանցքային երկիրը՝ Ռուսաստանը, տնտեսական դժվարությունների առջև է ու ենթարկվել է պատժամիջոցների:

«Շատ վատ է, որովհետև Ռուսաստանը այն երկրներից էր, որ ինտեգրվել էր համաշխարհային շուկային թե որպես հումք վաճառող, թե կիսաֆաբրիկատներ ձեռք բերող, թե լոգիստիկայում մեծ դեր ունեցող պետություն... որ հետևանքները բացասական են լինելու, դա միանշանակ է։ Մեզ համար բացասական կլինի, բայց մենք պետք է այդ բացասականը շատ ճիշտ օգտագործենք, օրինակ, տրանսֆերտներին փոխարինի արտահանումը, որը ավելի լուրջ, հարատև օգուտ է, քան տրանսֆերտը»,- ասաց գործարարը։

XS
SM
MD
LG