Քուվեյթը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին: Այդ մասին հայտարարել է հայ - քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային այսօր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետն ընդգծել է հայ - քուվեյթյան հարաբերությունների զարգացման ու ընդլայնման կարևորությունը։
«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ», - ասել է վարչապետը։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ բնագավառներում: Երկուստեք կարևորվել է նաև ուղիղ ավիաչվերթների կազմակերպումը:
Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը: