Մատչելիության հղումներ

Ռիչարդ Միլզ. «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից»


Ռիչարդ Միլզ. «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից»
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի խոսքով՝ Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը:

Հաշտեցում Թուրքիայի հետ, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ամրապնդում և պայքար կոռուպցիայի դեմ. սրանք են լինելու Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Միլզի առաջնահերթությունները պաշտոնավարման ընթացքում: Այս մասին ամերիկացի դիվանագետը հայտարարեց չորեքշաբթի երեկոյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

«Հայաստանի նկատմամբ մեր քաղաքականության նպատակները շատ հստակ են` ազատ և բարգավաճ Հայաստան, որ խաղաղ համակեցության մեջ կգտնվի հարևանների հետ: Այս նպատակի իրագործումը նշանակում է ժողովրդավարության ամրապնդում, պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության ազատականացում: Այս նպատակին կծառայեն նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև հաշտեցումը հարևան Թուրքիայի հետ` հայ ժողովրդի կրած տառապանքների արդար, անկեղծ և լիարժեք ճանաչման միջոցով»,- ասաց Միլզը:

Միլզի խոսքով, սակայն, Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը:

«Մենք հստակորեն նշել ենք, որ Հայաստանի՝ վերջին շրջանում կայացրած մի շարք որոշումները, ինչպես օրինակ ՄԱԿ-ում Ռուսաստանի հետ համատեղ քվեարկությունն ընդդեմ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչի արդյունքում Հայաստանը հակասության մեջ հայտնվեց միջազգային հանրության ճնշող մեծամասնության հետ, հիասթափություն է պատճառել մեզ: Չնայած դրան ամերիկյան կառավարության` Հայաստանի հետ սերտ երկկողմ հարաբերություններ ունենալու հաստատակամությունը մնում է անփոփոխ: Հայաստանի` 2013-ի սեպտեմբերին կայացրած որոշումը` դադարեցնել բանակցությունները Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ և մաս կազմել Ռուսաստանի կողմից առաջնորդվող Եվրասիական տնտեսական միությանը, մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման նվազեցման, ինչպես նաև այդ երկրի տնտեսական և անվտանգության համակարգերի ամրապնդման կարևորությունը: Այս խնդրի լուծման դեպքում Հայաստանն ավելի մեծ հնարավորություն կստանա տնտեսական և անվտանգության ոլորտներում հարաբերություններ հաստատել ոչ միայն Ռուսաստանի, այլև գործընկերների շատ ավելի լայն շրջանակի, այդ թվում իր անմիջական հարևանների, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ»,- նշեց Միլզը:

«Հայաստանի կողմից այս որոշումը կայացնելուց ի վեր մենք ընդգծում ենք, որ տնտեսական հարաբերությունների սերտացումը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ կարող է փոխլրացնել Հայաստանի ապագա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- համոզված է ամերիկացի դիվանագետը:

Առավել մանրամասնորեն խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին` դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը նշեց.- «Լեռնային Ղարաբաղի շուրջ ձգձգված այս հակամարտությունը շարունակում է մտահոգել ամերիկյան կառավարությանը: Մեզ մտահոգում է հատկապես շփման գծի երկայնքով վերջին ամիսների լարվածության աճն ու դրա հետևանքով զոհերի քանակի ավելացումը: Ամերիկյան վարչակազմը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի կողմից նախաձեռնված գործընթացի շրջանակներում: Սա էր այն ուղերձը, որ պետքարտուղար Քերրին հղեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սեպտեմբերի 4-ին Ուելսում կայացած հանդիպման ընթացքում»։

Հարկ է նկատել, որ երեկ կայացած լսումների ժամանակ իր բացման խոսքում ամերիկացի դիվանագետն անհամեմատ ավելի հանգամանորեն անդրադարձավ հայ - թուրքական հարաբերությունների հեռանկարներին, քան Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Այս տարի լրանում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրման հինգերորդ տարին: Մենք շարունակում ենք ընդգծել այս արձանագրությունների վերջնական վավերացման կարևորությունը՝ առանց որևէ նախապայմանի կամ դրանց շաղկապմանն այլ խնդիրներին: Հստակ է, որ առաջընթացի պատասխանատվությունը թուրքական կառավարության ուսերին է: Մենք ամենաբարձր մակարդակում շարունակում ենք ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա` արձանագրությունների վավերացմանը հասնելու համար»,- հայտարարեց Միլզը:

Բնական է, որ Սենատում կազմակերպված լսումների ընթացքում ամերիկացի դիվանագետը չէր կարող շրջանցել նաև Հայոց ցեղասպանության առաջիկա հարյուրամյակը: Նա սակայն հավատարիմ մնաց իր նախորդների փորձին` գերադասելով չարտաբերել «ցեղասպանություն» բառն ընդհանրապես:

«Միացյալ Նահանգներն ու աշխարհը հաջորդ տարի համերաշխություն կցուցաբերեն հայ ժողովրդի հետ` նշելով 20-րդ դարի վատթարագույն ոճրագործություններից մեկի հարյուրամյակը, երբ 1.5 միլիոն հայեր ենթարկվեցին կոտորածի կամ առաջնորդվեցին դեպի մահ Օսմանյան կայսրության անկման շրջանում: Այս ողբերգական տարելիցին ընդառաջ շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան համագործակցի Հայաստանի հետ` հասնելու համար փաստերի արդարացի, համապարփակ և անկեղծ ճանաչմանը: Դա կնպաստի երկու երկրների միջև արդյունավետ, բարգավաճ և խաղաղ հարաբերությունների կերտմանը»,- նշում էր Միլզը:

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբ արդեն իսկ դժգոհություն է հայտնել Երևանում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Միլզի հայտարարությունների առթիվ:

«Ինչպես և նախորդ բոլոր դեսպանները, որ առաջադրվել են 2006 թվականին Ջոն Էվանսի պատմական հայտարարությունից հետո, Ռիչարդ Միլզը ևս խուսափեց Օսմանյան իշխանությունների կողմից 1.5 միլիոն հայերի կանխամտածված և համակարգված սպանությունները ցեղասպանություն որակելուց»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG