Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները նվազել են


Նավթահորեր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում
Նավթահորեր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում

Բաքվեցի փորձագետները, սակայն, առայժմ լուրջ մտահոգությունների առիթ չեն տեսնում:

Միջազգային շուկաներում նավթի գինը շարունակում է անկում արձանագրել` առաջին անգամ բավական երկար ժամանակահատվածի ընթացքում հատելով 100 դոլարի հոգեբանական շեմը: Երեկ, օրինակ, Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց վճարում էին ընդամենը 98 դոլար:

Վերջին երկու ամսում նավթի գինը համաշխարհային շուկայում նվազել է 9 տոկոսով: Նավթային ոլորտի մանագետների խոսքով՝ դրա գլխավոր պատճառը մի շարք պետությունների կողմից նավթի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացումն է: Խոսքը նախևառաջ Միացյալ Նահանգների մասին է: ԱՄՆ-ում գործող նավթային ընկերությունները օրական ավելի քան 8 միլիոն բարել նավթ են թողարկում համաշխարհային շուկա` զգալիորեն նպաստելով գնի անկմանը: «Նավթի արդյունահանման ծավալները ավելացնում են նաև Իրանը, Իրաքը և Լիբիան, որի կառավարությանը վերջապես հաջողվել է վերահսկողություն սահմանել երկրի նավթարդյունաբերության հիմնական օբյեկտների նկատմամբ», - նշում է մոսկվացի փորձագետ Ռոման Տկաչուկը:

Այս ֆոնին հարևան Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները, հակառակը, նվազել են: 2014 թվականի առաջին ութ ամիսներին Ադրբեջանի տարածքում գտնվող հանքավայրերից նավթի արդյունահանման ծավալները նվազել են 2․5 տոկոսով: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական վիճակագրական վարչությունը: Այս կառույցի տվյալներով՝ նույնիսկ արդյունահանման ծավալների նվազման պայմաններում Ադրբեջանի պետական բյուջեի եկամտային մասի ապահովման առյուծի բաժինը շարունակում է ապահովել հենց էներգետիկան: 2014 թվականի առաջին ութ ամիսներին միայն «Ազերի», «Չիրաղ» և «Գյունեշլի» հանքավայրերի շահագործման արդյունքում ստացված եկամուտները կազմել են 10 միլիարդ 770 միլիոն դոլար:

Արդյո՞ք այս պատկառելի գումարների հոսքը կարող է նվազել՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում նկատվող միտումները: Վերջին օրերին այս հարցը Ադրբեջանում ավելի ու ավելի հաճախակի է հնչում:

Բաքվեցի փորձագետները, սակայն, առայժմ լուրջ մտահոգությունների առիթ չեն տեսնում: Նրանց կարծիքով՝ գոնե կարճաժամկետ կտրվածքով նավթի գնի անկումը ադրբեջանական տնտեսության համար զգալի չի լինի:

«Այժմ նավթի մեկ բարելի գինը մոտ է 100 դոլարին: Մեր տնտեսության համար վտանգավոր շեմը` 90 դոլար գինը կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում», - նշում է Բաքվում գործող Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը Minval.az կայքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, սակայն, անցած տարիներին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամում բավականաչափ գումար է կուտակվել նավթի գնի անկման բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Փորձագետի կարծիքով, այդուհանդերձ, առավել մտահոգիչ է ոչ թե գնի անկումը, այլ այն հանգամանքը, որ նավթի վաճառքից ստացվող միջոցների առնվազն 20 տոկոսը ադրբեջանական կառավարությունը մսխում է:

«Նավթադոլարները նախևառաջ ուղղվում են վարչական շենքերի կառուցմանը: Ենթակառուցվածքային ծրագրերը, հակառակը, տուժում են` ժամանակին ավարտին չհասցվելով: Որպես օրինակ մատնանաշեմ Բաքու - Ղուբա նորակառույց խճուղին, որն արդեն 80 տոկոսով շարքից դուրս է եկել: Դրա վերանորոգման վրա միայն կառավարությունը վերջին տարիներին մոտ 250 միլիոն մանաթ կամ ավելի քան 300 միլիոն դոլար է ծախսել», - նշում է Շաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG