Ռուսաստանը պատրաստ է այս շաբաթավերջին մարդասիրական օգնության նոր ավտոշարասյուն ուղարկել Ուկրաինա։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է արել Կարմիր Խաչի ներկայացուցիչներին՝ հոգ տանել, որպեսզի օգնությունը հասնի կարիքավորներին, և շարասյունը շաբաթներով անգործ չկանգնի սահմանին:
Կարմիր Խաչի Ռուսաստանի, Բելառուսի, և Մոլդովայի տարածաշրջանի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռուսաստանին, սակայն հորդորել է կողմերին նախօրոք պայմանավորվել բեռի տեղափոխման հարցերի շուրջ։
Անցած ամիս մարդասիրական օգնության առաջին ավտոշարասյան 280 բեռնատարները շուրջ մեկ շաբաթ կանգնած էին ռուս - ուկրաինական սահմանին՝ բեռների ստուգման և սահմանը հատելու թույլտվության համար:
Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ մարդասիրական օգնության քողի տակ Ռուսաստանը կարող է զենք-զինամթերք մատակարարել Լուգանսկի և Դոնեցկի ռուսամետ անջատականներին: