Մատչելիության հղումներ

Լուգանսկից փախած հայ ընտանիքը չգիտի՝ ում դիմի օգնության համար


Լուգանսկից փախած հայ ընտանիքը չգիտի՝ ում դիմի օգնության համար
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

Վերջին 15 տարիներին Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում հաստատված Վարդան Սիմոնյանը ամիսներ առաջ հարկադրված տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքը պատերազմից փրկելու համար։ 35-ամյա Վարդան Սիմոնյանը կնոջ ու երկու անչափահաս դստրերի հետ շուրջ երկու ամիս է ինչ բնակվում է Չարենցավանում:

Օրեր առաջ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին հայտարարեց, որ շուտով քաղաքում կվերականգնվեն էլեկտրականությունը, կապն ու ջուրը և հավաստիացրեց, որ բնակիչները աստիճանաբար սկսել են վերադառնալ Լուգանսկ:

Սիմոնյանը, սակայն, դեռ չի շտապում վերադառնալ՝ մեծ դժվարությամբ են փախել Հայաստան, իսկ պատերազմից փրկվելու հիշողությունները մինչ օրս թարմ են։

«Էդ կրակոցների տակ հասանք մինչև Իզվարինա, էնտեղից ընտանիքիս ոտքով դուրս եմ հանել, հետո տաքսով ուղարկել եմ դեպի Ռոստով, հարազատներս դիմավորել են, ուղարկել Հայաստան։ Ես մնացել էի այնտեղ, որովհետև առողջական խնդիրներ ունեի. անցնում եմ դիալիզ պրոցեդուրան, օրումեջ ես պետք է լինեմ հիվանդանոցում։ Հետո սկսեցին արդեն գրադով խփել, ու էլ հնարավոր չէր մնալ, արդեն էդ ժամանակ ես էլ որոշեցի դուրս գալ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Սիմոնյանը։

Նա ամեն օր հեռախոսով զրուցում է Լուգանսկի իր հարևանների հետ։ Ասում է՝ շրջապատի հայերից գրեթե բոլորն էլ Լուգանսկից դուրս են եկել: Հիմա այնտեղ թողած տների մասին տեղեկանում են հեռուստատեսային կադրերից։ Հարևանների հետ վերջին հեռախոսազրույցից անհանգստացել է՝ իրենց տունն են խուզարկել. - «Եկել մտել զենք են ման եկել ապալչենիցները [ռուսամետ անջատական աշխարհազորայինները], էդ բոլորի տներն էլ մտել նայել են. նացգվարդիան [Ուկրաինայի ազգային գվարդիան] մտել է տների մեջ, զենքեր է պահել, եկել էդ զենքերն են ման եկել»։

Նրանց տանը հեռուստացույցը չի անջատվում, շունչները պահած հետևում են լրատվական բոլոր հաղորդումներին արդեն հարազատ դարձած Լուգանսկից նորություններ ստանալու համար:

«Ամբողջ օրը էդ լուրերն ենք նայում, տեսնենք՝ ինչ է կատարվում երկրում։ Մեր շենքերը վնասվել են։ Լուրերից, հարևաններից իմացանք, որ շատ ահավոր վիճակ է էնտեղ, համարյա մարդ չի մնացել շենքում», - պատմեց «Ազատության» զրուցակիցը։

Վարդան Սիմոնյանի կինը՝ Կարինե Ավետիսյանն ասաց, որ Հայաստան գաղթելիս չեն կարողացել անգամ խիստ անհրաժեշտ իրերը վերցնել, փաստաթղթեր ու մի քանի հագուստ՝ սա են հասցրել մի քանի վայրկյանում հավաքել ու, իր խոսքով, «երկինքը պայթեցնող» կրակոցների տակ հասնել Հայաստան: Պատմում է, որ հարևանները թաքնվում էին նկուղներում՝ ամբարելով սնունդ ու հագուստ:

«Բոլորն էլ վախեցած էին, մտածում էին որտե՞ղ թաքնվել, նկուղներում արդեն պահեստավորել էին ամեն ինչ՝ տաք շորեր, պահածոներ, նենց բաներ, որ մտնեին պադվալ կարողանային որոշ ժամանակ ապրել։ Ես շատ վախեցա, մտածեցի՝ երեխեքին չենք կարող այդպես պահել, դրա համար շուտ դուրս եկանք», - ասաց Ավետիսյանը։

15 տարվա բացակայությունից հետո հայրենիք վերադարձած Վարդան Սիմոնյանը չգիտի՝ ում կարող է դիմել Հայաստանում և ինչ օգնություն կարող է ակնկալել փախստական ընտանիքի համար։

Մասնագիտությամբ երաժիշտ Սիմոնյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, գրեթե ամեն օր դիալիզ ստանալու համար Չարենցավանից Երևան է հասնում, ու թեև առողջությունը չի ներում, բայց հարկադրված է ամեն օր, փողային ու ստեղնաշարային գործիքներն ուսին, միջոցառումից միջոցառում գնալ, որպեսզի Չարենցավանում ապաստանած ընտանիքի ծախսերը կարողանա հոգալ: Ասում է՝ անհամբերությամբ է սպասում խաղաղությանը, որ կարողանա Լուգանս վերադառնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG